Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը 2 մլն դրամ կաշառք վերցնելու փորձի մեջ մեղադրվող Լոռեցյանին մերժեց 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել

Դատարանը 2 մլն դրամ կաշառք վերցնելու փորձի մեջ մեղադրվող Լոռեցյանին մերժեց 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել
Իրավունք
15:59, 14 апрель 2021
Այսօր՝ ապրիլի 14-ին շարունակվեց կաշառքի գործով մեղադրվող ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի դատաքննությունը։ 

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, այդ ժամանակ իր վարորդ Էդուարդ Հովհաննիսյանը, և «Լուառ» ու «Էլիտ Սպրտ» կազմակերպությունների սեփականատեր  Հրաչիկ Քանանյանը մեղադրվում են ԿԳՄՍ նախարարության գնումների գործընթացին միջամտելու փորձ իրականացնելու համար։

Դատարանն այսօր ստացել էր միջնորդություն Գևորգ Լոռեցյանի վարորդ Էդուրադ Հովհաննիսյանից և իր պաշտպանից։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն, ընթերցելով միջնորդությունը, նշեց, որ վարորդը խնդրել է հաշվի չառնել նախկինում տված իր ցուցմունքները և հիմք ընդունել դիմումում ներկայացվածը։

 Միջնորդության մեջ վարորդը գրել էր, որ ինքը երկար տարիներ ճանաչում է Քանանյանին և պարբերաբար նրանից պարտքով գումար է վերցրել, ինչպես նաև հանդիսանալով Լոռեցյանի վարորդը նրանից ևս պարտքով գումար է վերցրել՝ մոր բուժման ծախսերը հոգալու համար։

«Մորս բուժման համար մեծ գումար էր անհրաժեշտ, ես Հրաչին խաբել ասել եմ, որ Լոռեցյանը գումար է պահանջում իրեն տենդերների հարցում օգնելու դիմաց, հաշվի առնելով որ նրանց միջև խոսակցություն է եղել գնումների գործընթացի՝ տենդերների մասին։ Հրաչը ինձ հավատաց։ Լոռեցյանը իմ ներկայությամբ երբեք գումար չի պահանջել որևէ մեկից։ Հիմա Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն պայմաններում, երբ նա տեղյակ չի եղել, որ ես հանդես եմ գալիս նրա անունից։ Իմ նախկինում տված ցուցմունքները իրականությանը չեն համապատասխանում, քանի որ ինձ վստահեցրել էին, որ նման բովանդակությամբ ցուցմունք տալու դեպքում ինձ նույնպես, ինչպես Քանանյանին կալանքից կազատեն, հակառակ պարագայում իմ հիվանդ մայրն ու երեխաները կմնային առանց կալանքի»,-գրել է Գևորգ Լոռեցյանի վարորդն ու հավելել, որ դատարանը դադարեցնի Լոռեցյանի նկատմամաբ քրեական հետապնդումը, իսկ եթե դա հնարավոր չէ՝ ապա Գևորգ Լոռեցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնի։ 

Դատավորն ավարտելով վարորդի միջնորդությունն ընթերցելը՝ նշեց, որ թեպետ վերնագիրը գրված է «Միջնորդություն», բայց սա միջնորդություն չէ և չի կարող քննության առարկա դառնալ դատարանում․ «Սա վարորդի ցուցմունքն է։ Ցուցմունքների արժանահավատության վերաբերյալ դատարանը գնահատական կտա բոլոր ապացույցներնն ուսումնասիրելուց հետո»,-հավելեց նա։ 

Մեղադրող դատախազի դիտարկմամբ էլ վարորդի ուղարկածը դիմում է հասցեագրված դատարանին և երբ պաշտպանական կողմը պնդում էր վարորդ Էդուարդ Հովհաննիսյանին հնարավորություն տալ դատարան գալ ու ցուցմունք տալ՝ նախքան ապացույցների բազան ուսումնասիրելը, ապա այդ դեպքում կողմերը զրկված էին լինելու հարցադրում կատարելու վարորդին։ 
Դատախազի խոսքով վարորդի դիմումում առկա յուրաքանչյուրը բառը հերքված է քրեական գործերով առկա փաստական ապացույցներով, ինչպես նաև իրականացված օպերատիվ հետախուզական միջոցներով։ Նրա տեսանկյունից պետք է ուսումնասիրվեն ապացույցներն այնուհետև հնարավորություն տրվի վարորդին գալ դատարան՝ ցուցմունք տալու։ Սակայ վարորդի պաշտպանն ընդգծեց, որ Էդուրադ Հովհաննսիյանն իր ուղարկած դիմումից հետո հրաժարվում է գալ դատարան՝ լրացուցիչ ցուցմունք տալու և հարցերին պատասխանելու։

Շուրջ 1 տարի 5 ամիս կալանքի տակ գտնվող Լոռեցյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց՝ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու համար և առաջարկեց, որ Լոռեցյանը պատրաստ է 2մլն գրավի դիմաց գտնվել ազատության մեջ, իսկ եթե դատարանն այլ գումար է ճիշտ գտնում, ապա դա ևս հնարավոր է ընդունելի լինի։ Ինչպես նաև դատարանին պաշտպանական կողմն առաջարկեց դիտարկել ստորագրությունը որպես խափանման միջոց կիրառելու հարցը կալանքի փոխարեն։ Սակայն Դատարանը մերժեց միջնորդությունը։ 
 
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ․ հունիսի 4-ից զբաղեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» ու «Էլիտ Սպրտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2․000․000 ՀՀ դրամ կաշառք իր կղմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առևտրայիմ կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։

 Էդուարդ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարորդ և սպասարկելով նախարարի տեղակալ՝ գործադիր իշխանության մարմնի ղեկավար աշխատող և պաշտոնատար անձ հանդիսացող Գևորգ Լոռեցյանին, տեղեկատվություն և միջոցներ տրամադրելու, ինչպես նաև խչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է վերջինիս՝ «Լուառ» ու «Էլիտ Սպրտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ կաշառք պահանջելուն, ընդհանուր հովանավորչության, Հ․ Քանանյանի ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։

 Հրաչիկ Քանանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Լուառ» ու «Էլիտ Սպրտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ՝ գործադիր իշխանության մարմնի ղեկավար աշխատող և պաշտոնատար անձ հանդիսացող Գևորգ Լոռեցյանին խոստացել է տալ առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ կաշառք՝ նրա կողմից ընդհանուր հովանավորչության, իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։