Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը, դատական նիստը կշարունակվի վաղը

Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը, դատական նիստը կշարունակվի վաղը
Իրավունք
15:59, 16 январь 2023
Այսօր՝ հունվարի 16-ին, Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, շարունակվեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և նրա օգնական Թամարա Պետրոսյանի քրեական գործի քննությունը։
Մեղադրող դատախազը միջնորդեց դատարանին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով։

Ըստ մեղադրող կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, ազատության մեջ լինելով, կարող է դիմել փախուստի, չկատարել իր պարտականությունները դատարանի նկատմամբ, ինչպես նաև հանցանք կատարել։ Սակայն պաշտպանական կողմն այս կասկածներն ամբողջությամբ անհիմն է համարում։ 

Նշենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում գտնվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր ընկերոջ և իր մտերիմ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն իրեն մակագրվելու, ապա այն բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Ըստ ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ի վերջո մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանի կալանքը փոխարինել է գրավով։ 

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սերգեյ Գրիգորյանը՝ «ֆազ» մանկանվամբ, «օրենքով գող» է։ 
Մեղադրող դատախազը, հիշատակելով մեղադրանքը, նշեց, որ սա խոսում է մեղսագրվող արարքի հանրային բարձր վտանգավորության մասին՝ ակնկալելով դատարանից բավարարել կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ մյուս երկու ամբաստանյալները՝ դատավորի օգնական Թամարա Պետրոսյանն ու Էրիկ Ալեքսանյանը, ազատության մեջ են։  
Թամարա Պետրոսյանի պաշտպան Գարիկ Գալիկյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ երեք ամբաստանյալներն էլ չեն ընդունում իրենց մեղադրանքը: «Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանը մեղադրվում է խմբի կազմում պաշտոնական լիազորությունների չարաշահման և ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելուն օժանդակելու համար, սակայն չի ընդունում իր մեղադրանքը, մյուս ամբաստանյալները ևս»,- ընդգծեց նա։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա դատավորի կողմից ներգրավվել է օժանդակելու ենթադրյալ ծանր հանցագործության կատարմանը։

Դատավորի օգնական Թամարա Պետրոսյանի պաշտպան Գարիկ Գալիկյանը հավելեց նաև, որ թեպետ մի քանի դատական նիստ արդեն իսկ կայացել է, սակայն քրեական գործը դեռևս նախապատրաստական փուլում է՝ միջնորդություններ են քննարկվում, այդ թվում՝ խափանման միջոցի հարցը։ 

Այսօր կայացած դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի վաղը՝ հունվարի 17-ին, ժամը 13։00-ին։ 

Նարա Մարտիրոսյան