Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրից հարկադրանքով բերման ենթարկված «անեծքների ակցիայի» մասնակից ծնողների և ոստիկանների միջև ՔԿ-ում տեղի է ունեցել առերեսում

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրից հարկադրանքով բերման ենթարկված «անեծքների ակցիայի» մասնակից ծնողների և ոստիկանների միջև ՔԿ-ում տեղի է ունեցել առերեսում
Իրավունք
12:07, 26 январь 2023
Ամիսներ առաջ Եռաբլուրում կարմիր բերետավորների կողմից հարկադրանքով բերման ենթարկված «անեծքների ակցիայի» մասնակից ծնողներն այսօր Քննչական կոմիտեում էին։  ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հայտնեց, որ ծնողների մասնակցությամբ ընթանում են քննչական գործողություններ, չմանրամասնելով, թե քանի ծնող է մասնակցում դրանց։

ՔԿ շենքի դիմաց ակցիա կազմակերպած ծնողները լրագրողներին հայտնել են, որ առերեսում է տեղի է ունեցել տուժած ծնողների և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը՝ վաղ առավոտյան ոստիկանության ծառայողները «Եռաբլուր»-ից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել պանթեոն և անեծքներ և վիրավորանքներ էին հնչեցնում նրա ու կառավարության անդամների հասցեին։ Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։ Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսը ստացել են մարմնական վնասվածքներ, որը հաստատվել է նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։ Նշենք, որ տեսանյութերում երևում է, այդ ընթացքում զոհված զինծառայողների որոշ մայրեր՝ օրինակ Մխիթար Գալեյանի մայրը, անեծքներ է տեղում հենց ոստիկանների հասցեին։ Իսկ հայրը՝ Գարիկ Գալեյանը, որն այսօր որպես տուժած հարցազրույց էր տալիս լրագրողներին, վարչապետի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով կոտրել էր Եռաբլուր տարված ծաղկեպսակները։ 

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։

Հիշեցնենք, նաև, որ «անեծքների ակցիայի» մասնակիցներին այդ օրը տեղում բացահայտ ուղղորդում էին Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ։