Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմի զոհերի ծնողների վշտի թիկունքում թաքնվողները վաղը՝ 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցի օրը, նոր սադրանք են կազմակերպում Եռաբլուրում

Պատերազմի զոհերի ծնողների վշտի թիկունքում թաքնվողները վաղը՝ 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցի օրը, նոր սադրանք են կազմակերպում Եռաբլուրում
Հասարակություն
17:38, 26 сентябрь 2022
Նախկին իշխանությանը պատկանող լրատվամիջոցները և «հաստիքով» Քոչարյանի աջակից աշխատողները, ինչպես նաև 44-օրյա պատերազմի զոհերի ընդդիմության համակիր որոշ հարազատներ արդեն 2 օր է՝ տարածում են «Ազատագրումը սկսվում է Եռաբլուրից» կոչը՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների անունից։ Օրինակ՝ Քոչարյանի հայտնի աջակից Անի Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել տարածել գրառումը՝ հավելելով, որ միանում է պայքարին։ Ընդ որում, նախաձեռնողները կոչ են անում հավաքվել այսօր գիշերվանից, ինչպես նախորդ անգամ։  

«Սեպտեմբերի 21-ին ոստիկանների կողմից իրականացված վայրագություններն առաջացրել են մեր բոլոր արժանապատիվ հայրենակիցների ցասումը։ Շնորհակալ ենք գոտեպնդման և աջակցման խոսքերի համար։ Եվ հիմա կոչ ենք անում գալ ու կանգնել մեր կողքին, որպեսզի միասնական պայքարի արդյունքում հաջողենք»,- կոչ են արել նրանք։ 

Ըստ այդմ, Արցախյան 3 պատերազմների հերոսների հանգստարան Եռաբլուրում սպասվում է անեծքների և ատելության հերթական դեմոնստրացիան, այն էլ՝  որոշ հերոսների ծնողների կատարմամբ։ 

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության տոնին, «Հայաստան» դաշինքի պատգամավորների ուղղորդմամբ համանման ակցիան Եռաբլուրում, որն իբրև պետք է թույլ չտար վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր, վերածվեց ոստիկանների հետ ամոթալի միջադեպի, ոստիկանության կողմից հարկադրանքի և ուժի կիրառմամբ մասնակիցներին, այդ թվում՝ կանանց բերման ենթարկելուն  և վարչապետին ու ոստիկաններին ուղղված անեծքների նույնքան ամոթալի տեղատարափի։  

Մյուս կողմից՝ ոստիկանությունն ու ոստիկանապետը մինչ այժմ ներողություն չեն խնդրել հատկապես հերոսների մայրերից՝ նրանց բռնի ուժով ու անթույլատրելի ձևով բերման ենթարկելու համար։ Հայտնի է, որ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրահանգել է ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն իրականացնել սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված։ Այսօր մեր հարցմանն ի պատասխան ոստիկանությունից ասացին, որ ծառայողական քննությունը դեռ ընթացքի մեջ է, և արդյունքների մասին կտեղեկացնեն։