Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ն պատգամավոր Արմեն Չարչյանին քվեարկությամբ զրկեց անձեռնմխելիությունից

ԱԺ-ն պատգամավոր Արմեն Չարչյանին քվեարկությամբ զրկեց անձեռնմխելիությունից
Իրավունք
11:45, 09 февраль 2023
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. Ազգային ժողովը տվեց համաձայնությունը:

Այսպիսով, Արմեն Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։

107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ է քվեարկել 67 պատգամավոր:

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր միջնորդություն ներկայացրել Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար:

Ըստ այդմ՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ առ այն, որ Արմեն Գերասիմի Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես գործադիր  տնօրեն, ԵՊԲՀ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ  և ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թվականի փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը:

Երեկ ԱԺ-ն համաձայնություն տվեց նաև քրեական հետապնդում հարուցել Պաշտպանության նախկին նախարար, պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ: Սեյրան Օհանյանի մասով դատախազը երեք միջնորդություն էր ներկայացրել: