Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղադրանքներ են ներկայացվել «Ավամ Գրուպ» ՍՊԸ ներկայիս և նախկին տնօրեններին, հաշվապահներին, նրանց օժանդակած ընկերության սեփականատիրոջը, վերականգնվել է 500մլն դրամի հարկային պարտավորություն

Մեղադրանքներ են ներկայացվել «Ավամ Գրուպ» ՍՊԸ ներկայիս և նախկին տնօրեններին, հաշվապահներին, նրանց օժանդակած ընկերության սեփականատիրոջը, վերականգնվել է 500մլն դրամի հարկային պարտավորություն
Իրավունք
11:37, 25 май 2023
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սարգիս Սեյրանյանը, հանդիսանալով շինանյութի մանրամեծածախ վաճառքով զբաղվող «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության գործադիր տնօրենը, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «ԱԿԹՐԵՅԴ–ՍՈՖԹ» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Վլադիմիր Սարգսյանի օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, 2016 թվականի ապրիլ ամսից 2023 թվականի փետրվար ամիսը ներառյալ, թաքցրել է «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հարկման օբյեկտը և հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ։

Մասնավորապես, «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից մատակարարված ապրանքների ծավալները, վաճառքից առաջացած եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու համար Ս.Ս.-ն ներգրավել է Վ.Ս-ին, ով վճարի դիմաց հանցանքի կատարման համար տրամադրել է գործիքներ ու միջոցներ և վերացրել է խոչընդոտներ, այն է՝ «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունում ներդրել է «1C» առևտրային ծրագիրը, որը համակցել է էլեկտրոնային սերվերային համակարգին և սերվերային համակարգն ու դրա պարունակած՝ «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության և այլ կազմակերպությունների իրական շրջանառությունների վերաբերյալ տվյալները թաքցրել է իր հաշվառման հասցեի նկուղում։ Հարկ է նշել, որ նույն սերվերային համակարգից հայտնաբերվել էին նաև «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տվյալները։

Այդ կերպ «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ս.-ն, տիրապետելով ընկերության կողմից իրացված ապրանքների իրական շրջանառությանը, որը 2016թ. ապրիլ ամսից 2023թ. փետրվարի 20-ը ներառյալ կազմել է 7.613.869.637 ՀՀ դրամ, Վ.Ս.-ի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով ավելացված արժեքի հարկը և շահութահարկը չվճարելու նպատակով թաքցրել է ընկերության կողմից հիշյալ ժամանակահատվածում իրականացված հարկվող գործարքների մի մասը, նույն հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված հաշվարկային փաստաթղթերով ցույց է տվել 3.437.911.927 ՀՀ դրամ շրջանառություն՝ չհայտարարագրելով 4.175.957.710 ՀՀ դրամ շրջանառությունը, և 2016թ. ապրիլ ամսից 2023թ. փետրվար ամիսների ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, 2019-2021 թթ. շահութահարկի տարեկան հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ «Ավամ Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ընկերության նախկին տնօրեն Վ.Ա.-ի, գլխավոր հաշվապահներ Մ.Խ.-ի և Ս.Մ.-ի  նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Վ.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։

Նախաքննության ընթացքում «Ավամ Գրուպ» ՍՊԸ տնօրեն Ս.Ս.-ն պետական բյուջե է վերականգնել շրջանառությունը թաքցնելու արդյունքում չվճարված գումարից 500.000.000 ՀՀ դրամ հարկային պարտավորությունները։

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: