Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է սպասենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտին՝ նոր գնահատական տանք․ Մինասյանը՝ վարչապետի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործի մասին

«Հղի կնոջն է վրարերթի ենթարկել վարչապետի ավտոշարասյունը՝ մահացել է, բայց անձ չկա կալանավորված մինչդեռ վարչապետի որդու ենթադրյալ առևանգման գործով կալանավորված անձ կա, արդա՞ր է»,-այսօր՝ հունիսի 2-ին լրագրողներն այս հարցը տվեցին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, ինչին ի պատասխան նախարարն արձագանքեց․ 

«Դատարանն այդպես է գտել, ես իրավունք չունեմ ընթացիկ դատական գործով հայտնեմ դիրքորոշում։ Ժողովրդավարական երկրներում կարող են լինել դժբախտ պատահարներ, ես գնահատական չեմ ուզում տամ այդ դեպքին, ուղղակի որպես սոցիալական ցանցից այդ դեպքին ծանոթացած մարդ՝ ես տեսել եմ դժբախտ պատահար, իսկ արդար է, թե ոչ՝ պետք է սպասենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտին՝ տեսնենք, թե  ի վերջո դատարանը բոլոր նյութերին ծանոթանալով, տեսնելով ինչ պարտավորություններ ունի վարորդը՝ ավտոքենան կանգնեցնելու, չկանգնեցնելու՝ նոր գնահատական տանք»։ 

Խոսելով Դիլիջանում 16-ամյա երեխայի ծեծի գործից՝ նախարարն ասաց, որ եթե մարդը կատարել է հանցանք, որը միջին ծանրության է և առաջին անգամ է հանցանք կատարում՝ զղջում է, հատուցում է՝ ապա այդ դեպքում կա գործուն զղջման ինստիտուտ․ 

«Կոնկրետ այս գործով կա հնարավորություն, որ վերադաս դատարանը չեղարկի քննիչի վարույթ չհարուցելու մասին որոշումը։ Մայիսի 29-ին էր դատախազի կողմից որոշումը կայացվել և կարող է եռամսյա ժամկետում բողոքարկվել»։