Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արամ Գաբրիելյանովի կողմից Հայաստանում զինված հեղաշրջման նախապատրաստման փորձի մասին հայտարարությունը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

Արամ Գաբրիելյանովի կողմից Հայաստանում զինված հեղաշրջման նախապատրաստման փորձի մասին հայտարարությունը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Իրավունք
17:27, 06 июль 2023
Շուրջ մեկ շաբաթ առաջ ռուսաստանահայ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր արել, որում պնդել էր, թե 2020 թվականի պատերազմի պարտությունից անմիջապես հետո Մոսկվայում հանդիպել է այն ժամանակվա ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։ «Նրան ասացի, որ Մոսկվայից լուրջ մարդիկ առաջարկում են բանակը հանել փողոց և իշխանությունը փոխանցել ժամանակավոր կառավարությանը։ Իսկ տեղեկատվական աջակցությունը ես կապահովեմ: Օնիկը պատասխանեց՝ «թող Մոսկվան ուղիղ հրահանգ տա, և ես զորքը կհանեմ»։ Ասացի՝ ոչ ոք ուղիղ հրահանգ չի տա։ Այդտեղ բաժանվեցինք»,- գրել էր Գաբրիելյանովը։

Civic.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պարզելու համար, թե Հայաստանում երրորդ երկրի միջամտությամբ կամ հրահանգով զինված հեղաշրջման նախապատրաստման փորձի մասին այս հայտարարության առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է, թե՞ ոչ։ Արդյոք այս հայտարարությունն իր մեջ հանցակազմ պարունակո՞ւմ է։  

Դատախազությունից մեզ փոխանցեցին, որ Գաբրիելյանովի կողմից կատարված հայտարարության մեջ նշված հանգամանքները օրենքով սահմանված կարգով ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ։