Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ո՞րն է տրամաբանությունը, որ 1,3 միլիոն դոլարի գործարքները կնքվել են հասարակ գրավոր ձևով»․ դատախազը՝ Սեյրան Օհանյանի գործով. Iravaban.net

«Ո՞րն է տրամաբանությունը, որ 1,3 միլիոն դոլարի գործարքները կնքվել են հասարակ գրավոր ձևով»․ դատախազը՝ Սեյրան Օհանյանի գործով. Iravaban.net
Իրավունք
14:40, 04 август 2023
Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ օգոստոսի 4-ին, կայացավ ՊՆ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, Աննա Բադալյանի, Ժակ Պիեռ Ֆովոյի, Բենիամին Ղալեչյանի, Մարինե Ներսեյանի, երրորդ անձեր՝ «Արարատբանկ» ԲԲԸ-ի, Կարինե Մարգարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով նախնական դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստը սկսվելուց հետո հայցվորի ներկայացուցիչ, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել։

Հայցվորը Ռուզաննա Խաչատրյանի քրոջ աղջկան՝ Աննա Բադալյանին, գործով պատասխանող է ներգրավել և գույքի բռնագանձման պահանջ ներկայացրել։ Դատախազությունը նշված անշարժ գույքերի իրական սեփականատեր է դիտարկում Սեյրան Օհանյանին։ Մինչև դատալսումների սկիզբն Աննա Բադալյանն անշարժ գույքերը օտարել է գործով որպես 3-րդ անձ ներգրավված Կարինե Մարգարյանին։ Այդ ընթացքում Գլխավոր դատախազության կողմից գույքերի վրա արգելանք էր դրվել և Կադաստրի կոմիտեում որևէ գործարք անել հնարավոր չէր։ Դատախազը ենթադրում է, որ առք ու վաճառքի մտադրությունն իրականացնելու համար Աննա Բադալյանը և Կարինե Մարգարյանն արհեստական ձևով դատական վեճ են հարուցել, որպեսզի կարողանան դատական ակտ ունենալ, որի միջոցով էլ Կարինե Մարգարյանը կկարողանար այդ անշարժ գույքերն իր անունով գրանցել։

Այս դատական նիստի ընթացքում Գևորգ Քոչարյանը հայտարարեց, որ պատրաստվում է առաջիկա շաբաթվա ընթացքում վերաքննիչ բողոք ներկայացնել՝ վերոնշյալ դատական ակտի վերաբերյալ։ Նա դատարանին խնդրեց այս հիմքով հետաձգել դատական նիստը․ «Գտնում ենք, որ այդ գործի ելքից է կախված մեր դիրքորոշումն այս գործով»։

Կարինե Մարգարյանի ներկայացուցիչը՝ Անահիտ Բեգլարյանը հայտարարեց, որ իր վստահորդը հանդիսանում է բարեխիղճ ձեռքբերող․ «Հայցվոր կողմը, չեմ կարող ասել՝ ինչ պատճառներով, փորձում է ձգձգել այս վարույթը»։

Սեյրան Օհանյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը միացավ Անահիտ Բեգլարյանի դիրքորոշմանն ու նշեց՝ պետք է անցնել ապացուցման բեռի բաշխման փուլին։

Գևորգ Քոչարյանը ևս մեկ անգամ ընդգծեց․ իրենց կարծիքով՝ տեղի է ունեցել դատարանի կողմից կիրառված հայցի նախնական ապահվման միջոցները շրջանցելու փորձ, որն առերևույթ հաջողվել է, քանի որ առաջին ատյանի դատարանը նշված գույքերի սեփականատեր է ճանաչել Կարինե Մարգարյանին։

Դատարանը, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, որոշեց նիստը հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը մերժել։ Այնուհետև Անահիտ Բեգլարյանը ներկայացրեց նշված գործի վերաբերյալ Կարինե Մարգարյանի գրավոր փաստարկները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում