Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ է նախատեսում Արցախի Սահմանադրությունը նախագահի հրաժարականի դեպքում

Ի՞նչ է նախատեսում Արցախի Սահմանադրությունը նախագահի հրաժարականի դեպքում
Իրավունք
15:11, 31 август 2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ինչպես հայտնի է, քիչ առաջ հայտարարել է իր հրաժարականի մասին՝ նշելով, որ որոշումը կայացրել է երկու օր առաջ։ Նախագահի հրաժարականը անակնկալ չէր, այդ մասին տեւական ժամանակ է, ինչ քննարկումներ էին ծավալվում, որոնք, փաստորեն, այսօր հասան իրենց հագուցալուծմանը։ Եւ մինչ քաղաքական-հանրային շրջանակները քննարկում են, թե ինչ է հաջրդելու նախագահի հրաժարականին ու պեսիմիստական կանխատեսումներ անում, ներկայացնենք, թե ինչ ընթացակարգեր է  նախատեսում Արցախի Սահմանադրությունը նախագահի ինստիտուտի հրաժարականի, պաշտոնանկության մասով։ 

Նախ նշենք, որ Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է: Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո:
     
Հանրապետության Նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողովին: Հրաժարականը ուժի մեջ է մտնում եռօրյա ժամկետում՝ օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:

Նշենք, որ Ացախի ԱԺ նախագահը օգոստոսի 7-ին ընտրված ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանն է, որն էլ, ըստ Սահմանադրության,  իրականացնելու է նախագահի լիազորությունները։
 
Հ․Գ․ Ինչպես հայտնի է՝ ամիսներ առաջ Արցախի Հանրապետության Սահմանադրության 12-րդ գլխում փոփոխության (լրացման) գործընթաց էր նախաձեռնվել։ ԱՀ նախագահ Ա.Հարությունյանը 10.02.2023թ. ընդունել էր հրամանագիր՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 12-րդ գլխում փոփոխության (լրացման) նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու մասին:

15.03.2023թ. Սահմանադրության նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի հերթական նիստում և ընդունվել առաջին ընթերցմամբ:

23.03.2023թ. Ազգային ժողովը հերթական նիստում Նախագիծը քննարկել է և ընդունել Նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով Գերագույն դատարան դիմելու մասին որոշում: Համապատասխան Նախագիծը Բարձր Դատարանը ճանաչել է ԱՀ Սահմանադրությանը համապատասխանող: Ըստ այդմ՝ առաջարկվում է պետության գլխի՝ նախագահի պաշտոնը ռազմական դրության ժամանակ թափուր մնալու դեպքում Հանրապետության նախագահ ընտրելու իրավունքը վերապահել Ազգային ժողովին: 

Մասնավորապես՝ լրացում կատարել Սահմանադրության՝ «Եզրափակիչ և անցումային դրույթներ» վերտառությամբ 12-րդ գլխում՝ այն լրացնելով հետևյալ հոդվածով. «Հոդված 168.1. Հանրապետության նախագահի ընտրությունն Ազգային ժողովի կողմից՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում
  1. Մինչև գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտը Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ ոչ շուտ, քան 7, ոչ ուշ, քան 10 օր հետո Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը:
  2. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ հաջորդ օրն անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
  3. Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա յոթնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:
  4. Հանրապետության նախագահն իր պաշտոնը ստանձնում է ընտրվելու օրվան հաջորդ օրը՝ Ազգային ժողովի հատուկ նիստում Սահմանադրությամբ սահմանված կարգով տրված երդմամբ:
  5. Սույն հոդվածով սահմանված կարգով ընտրված Հանրապետության նախագահի պաշտոնավարման ընթացքում արգելվում է արձակել Ազգային ժողովը:
Հ․ Մ․