Սեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝ սեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է:

 

Կատաղությունը վիրուսային հիվանդություն է, որից աշխարհում տարեկան մահանում են տասնյակ հազարավոր մարդիկ։

 

Մարդը վարակվում է հիվանդ կամ հիվանդության գաղտնի շրջանում գտնվող կենդանու կծելու, ճանկռելու՝ մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականությունը խախտելու և թքոտելու արդյունքում:

 

Կատաղություն հիվանդությունը հատուկ բուժում չունի և մարդու մոտ կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:

 

Կատաղություն հիվանդության կանխարգելման նպատակով տեսչական մարմինը հորդորում է.

 

Կենդանու (շուն, կատու, աղվես, գայլ, արջ, առնետ) կողմից կծելու և մաշկի ամբողջականության խախտում առաջացնելու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության՝ համապատասխան կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար:

 

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերություններին՝ խստորեն պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 14-ի N 13-Ն հրամանով հաստատված՝ «Բնակչության շրջանում կատաղություն հիվանդության կանխարգելում» ՍԿ3.1.1-0-26-12 սանիտարահամաճարակաբանական կանոններով և նորմերով սահմանված պահանջները։