Ես միանում եմ Տեր Արամի արդար ձայնին, քանզի այլևս չեմ կարող լուռ մնալ. այսպես շարունակելն անկարելի է. Տեր Թադե քահանա Թախմազյան

Թալինի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը ֆեյսբուքյան էջում գրել է.


«Տեր Արամի վերջին շրջանի գրությունները կարդալը հեշտ չէին, բայց և դժվար էլ չէին հասկանալու համար։ Տեր Արամի հարցազրույցը դիտելը նույնպես հեշտ չէր, և նույնպես դժվար չէր այն հասկանալը։ Դժվար է սակայն, Տեր Արամի վերջին շրջանի բարձրաձայնած հարցերը խորապես գիտակցելն ու դրանց արձագանքելն առանց հուզմունքի։


Նա բարձրացրել է խնդիրներ, որոնք գաղտնիք չեն վաղուց, որոնց մասին շատերս լռում ենք՝ երբեմն կարգալուծությամբ պատժվելու վախից, երբեմն չհասկացվելու և միայնակ մնալու մտահոգությունից։


Ցավով ականատես և ականջալուր ենք լինում, որ որոշ քահանաների շուրթերից նրա հասցեին հնչում են ոչ թե առարկայական մեկնաբանություններ, կամ փաստարկված քննադատություններ այլ անպատկերացնելի սեռական հայհոյանքներ՝ առավել հարիր փողոցային՝ ընտանեկան սեր և ջերմություն չստացած, անդաստիարակ սրիկայի վարքին, քան Քրիստոսի սպասավորին վայել ավետարանաշունչ խոսքին։ Քահանաներից ոմանք այո չեն հայհոյում սակայն փութաջանորեն և փրփուրն ի շրթին կարգալուծություն մաղթում ու տենչում։ Նույն մարդիկ, ովքեր նրան դիմում են «եղբայր» կոչելով, թիկունքում վայրագությամբ խեղդում են նրան՝ անարգանքի ու ատելության լեզվի անհագ կրքով։


Սա վկայում է, որ մեր Եկեղեցու ներսում եղբայրսիրությունը վտանգված է, իսկ ազատ խոսքն՝ անարգված։


Ես միանում եմ Տեր Արամի արդար ձայնին, քանզի այլևս չեմ կարող լուռ մնալ։ Ես Տեր Արամի խոսքում տեսնում եմ ճշմարտության ձայն, ոչ թե ապստամբության կոչ։ Դրան ի պատասխան արդար խոսքը պատժվում է, իսկ հայհոյախոս խավարը, քահանայի պատմուճանի տակ՝ ողջունվում։


Եկեղեցու ներսում խնդիրները կարող են ունենալ մեկ պատասխան՝ Ճշմարտություն։ Ինչ որ հայհոյախոսությամբ է ասված, ճշմարտություն չէ, չարից է։


Այսպես շարունակելն անկարելի է։


Աղոթում եմ, որ մեր խոսքն ու պահվածքը հիշեցնեն՝ մեզ քահանաներիս թե ովքեր ենք մենք իրականում և ում ենք ծառայում»։