COP17-ի կազմակերպման ՀՀ տեսլականը ներկայացվել է «Ճանապարհ դեպի ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովի» մասնակիցներին

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, կայացել է Հայաստանի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության նախաձեռնությամբ կազմակերպված «Ճանապարհ դեպի ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողով» խորագրով հարակից միջոցառումը: Միջոցառմանը մասնակցել և բացման ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:


Որպես հիմնական բանախոս միջոցառմանը մասնակցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ով ներկայացրել է COP17-ի կազմակերպման ՀՀ տեսլականը։


ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է 2026թ․ Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ ընդգծելով դրա շրջանակներում Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման անկյունաքարային նշանակությունը:


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է, որ COP17-ը նպատակաուղղված է հասցեագրելու ռեսուրսների մոբիլիզացման, Կոնվենցիայի կայուն ֆինանսական մեխանիզմի ձևավորման հարցերը, ինչպես նաև ապահովելու կենսաբազմազանությանն առնչվող որոշումների կայացման հարցերում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք ներգրավվածությունը։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված կառուցողական երկխոսության ապահովմանը և ներառական Համաժողովի կազմակերպմանը։ Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում տարբեր միջազգային ձևաչափերում ՀՀ կողմից իրականացված նախաձեռնություններին և ընդգծվել է դրանց հիմքում ընկած բոլոր շահագրգիռ կողմերի ձայնը լսելի դարձնելու գաղափարը։