Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Աթենքի քաղաքապետարանի հովանավորությամբ, Հունաստանի Հայերի Միության և «Պիղասոս» մարզամշակութային կազմակերպության համատեղ կազմակերպած հիշատակի միջոցառմանը՝ վերնագրված «Դուրղուտին հիշում է շրջափակումը»։ Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:
Միջոցառումը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Աթենքի Դուրղուտի թաղամասում նացիստական բռնությունների զոհ դարձածներին, որոնց թվում նաև բազմաթիվ հայեր են։
Դեսպան Մկրտչյանը ծաղկեպսակ է զետեղել հուշարձանին և հանդես եկել ողջույնի խոսքով՝ ընդգծելով հայ և հույն ժողովուրդների պատմական բարեկամության, ընդհանուր պայքարի և պատմական հիշողության պահպանման կարևորությունը։
Միջոցառմանը ներկա էին Հունահայոց թեմի առաջնորդ Տեր Խորեն եպիսկոպոս Առաքելյանը, Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Ատտիկայի շրջանի փոխնահանգապետեր, Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։
Մշակութային ծրագրով հանդես են եկել «Ավետիս» հայկական ժողովրդական պարախումբը և Մկրտիչ Պողոսյանի ժողովրդական երաժշտական խումբը։
Նրանց ելույթները հատուկ ընդգծել են հայերի և հույների միասնական ոգին և դիմադրության պայքարի խորհրդանշական նշանակությունը։