Վաղարշապատում անել 10 վայրկյանանոց հեղափոխություն՝ մերժելով Կիրիենկոյի վկաներին

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցում է ամիսներ առաջ Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների սցենարը թույլ չտալու, «Գյումրի 2» օպերացիան  բացառելու նպատակով։ Կուսակցության ցուցակը գլխավորող անկուսակցական Հարություն Մկրտչյանն ու կուսակցության քաղաքական խորհրդի անդամները լիահույս են, որ վաղարշապատցիները ընտրությունների ժամանակ կքվեարկեն խղճի մտոք՝ ոչ ասելով  ՀՀ անկախությունը սակարկողներին,   մերժելով Կիրիենկոյի գրպանային թեկնածուներին, Հայաստանի համար Թաթարստանի ապագան տեսնողներին՝ այսպիսով փակելով  ՀՀ-ի գուբերնիզացման դուռը։


«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը նշում է՝ կուսակցությունը ինչպես 2026-ի համապետական, այնպես էլ Վաղարշապատի տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրություններին մասնակցելու է խաղաղության ու զարգացման օրակարգով, քանի որ ինչպես ինքն է ասում՝ «պատերազմները սկսվում են ու ավարտվում, իսկ խաղաղությունը բացում է անվտանգության ու զարգացման դռները»։ «Մենք ընտրության չենք գնում օլիմպիական սկզբունքով, թե՝ կարևորը մասնակցությունն է։ Մենք գնում ենք պաշտպանելու ՀՀ ինքնիշխանությունն ու փակելու ՀՀ-ի գուբերնացման դուռը։ Մենք դեմ ենք մեր երկիրը մաս-մաս վաճառքի հանողներին, որ հույս ունեն նորից գալ իշխանության, որ հույս ունեն վերադառնալ  իշխանության և մեզ վերադարձնել 20-րդ դար։ Մենք 21-րդ դարի կողմնակիցներն ենք»,- նշում է Ադամյանը։  


Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանն էլ նկատեց՝  «Հանրապետություն» կուսակցության ուղին պայքարի մասին է, այդ պայքարն ուղղված է եղել բոլոր նրանց դեմ, ովքեր խոչընդոտել են մեր պետության լիարժեք անկախությանն ու ինքնիշխանությանը։ «Մենք պայքարելու ենք ընդդեմ այն բոլոր հին ու նոր բոլշևիկների, որոնք ցանկանում են ՀՀ-ն նորից ներքաշել Միութենական պետությունների մեջ։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ ունենանք ինքնիշխան ու անկախ պետություն»,- նկատեց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը։


«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր հերթին նկատեց՝ տեղի ունեցած կուսակցական հավաքի նպատակը նախ ազդարարելն էր, որ 2026-ի համապետական ընտրություններին մասնակցելու են ա՛նպայման և միանշանակ սեփակա՛ն ցուցակով։ Երկրորդ ուղերձն էլ վերաբերում է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին, որոնք  դառնալու են համապետական ընտրությունների նախերգանքը։ Արամ Սարգսյանը նշում է՝ մեծ անելիք ունեն Վաղարշապատի ընտրությունների ուղերձը հանրությանը ճիշտ հասցնելու գործում, ցույց տալու, թե որն է դրանց մասնակցող ուժերի  քաղաքական հենքը, ինչ ապագա են առաջարկում Հայաստանի համար՝ անկախ պետությո՞ւն, թե՞ Թաթարստանի ճակատագիրը։


Հարություն Մկրտչյանը նախքան իր հաղթանակի բանաձևը ներկայացնելը նախ շնորհակալություն հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահին՝ նշելով՝ սիրով է ընդունել Սարգսյանի առաջարկը՝ գլխավորել կուսակցության ցուցակը, ինչը պարտավորեցնող է իր համար։ «Վաղարշապատում որևէ պարագայում «Գյումրի 2» չի լինելու, Կիրիենկոյի վկաները ՀՀ-ում որևէ պարագայում իշխանությանը մոտ անգամ չեն լինելու, և այդ ուղղությամբ մենք ուղղակի ոչնչի առաջ կանգ չենք առնելու»։


Նշենք, որ «Հանրապետություն»քվեաթերթիկում թիվ 3-ն է։  

 

Հեղինե Մանուկյան