Թրամփի զայրույթը հասավ իր նպատակին. Time ամսագիրը փոխել է շապիկի նկարը՝ «անհետացած մազերի» մասին նախագահի բողոքից հետո

Time ամսագիրը ներկայացրել է իր նոյեմբերի 10-ի համարի նոր շապիկը՝ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, այն բանից հետո, երբ Հանրապետական կուսակցության առաջնորդը կտրուկ քննադատել էր նախնական տարբերակը։


Շաբաթվա սկզբին ամսագրի խմբագրությունը հրապարակել է շապիկի երկրորդ տարբերակը՝ Թրամփին նվիրված նյութի շրջանակում, որտեղ նա պատմում է Գազայի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը միջնորդելու իր դերի մասին։


Եթե առաջին շապիկում Թրամփը պատկերված էր երկնքին նայելով՝ «Նրա հաղթանակը» վերնագրով, ապա նոր տարբերակում նա կեցվածք է ընդունել սեղանի շուրջ՝ «Թրամփի աշխարհը» ենթավերնագրով։ 


Առաջին տարբերակը, որը ներկայացվել էր հոկտեմբերի 14-ին, Թրամփի զայրույթն էր առաջացրել։ Նա Truth Social հարթակում այդ մասին գրել էր․


«Time Magazine-ը իմ մասին համեմատաբար լավ պատմություն է գրել, բայց նկարը, հավանաբար, պատմության ամենավատն է։ Նրանք ‘անհետացրել’ են իմ մազերը, իսկ գլխիս վրա ինչ-որ բան է լողում, կարծես պսակ լինի՝ շատ փոքր, տարօրինակ բան։ Ես երբեք չեմ սիրել ներքևից նկարներ, բայց սա իսկապես սարսափելի է։ Ինչո՞ւ են դա արել»։