Այսօր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ ադրբեջանցիները փոխել են Զվարագետ վտակի հունը, որը չի միանում Մեղրի գետին, այդ պատճառով ջրի հասանելիության լրջագույն խնդիրներ են առաջանում։ Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է Մեղրիի բնակիչ, ՀԺԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանի հետ։
Նա նշեց, որ Մեղրի գետում բավականին ջուր կա, ոչ մի խնդիր չկա։
«Ափսոս էլ է նայում եմ սա գնում է Արաքս։ Զվարագետի վտակ, որ ասում են դա դեռևս Խորհրդային միության տարիներին, մի հարթադաշտ էր, այնտեղ թուրքերը առու էին կառուցել և ջրի մի մասն անցկացնում էին դեպի Օրդուբադի շրջան։ Անգամ մեր սովխոզի դիրեկտորներից գնացել պայթեցրել էին այդ առուն։ Խոսքը կարող է դրա մասին լինել, որն իրենից մի բան չի ներկայացնում։ Իսկ Մեղրիում այսօր ջրի խնդիր գոյություն չունի, ուրիշ բանի հետ էր կապված խնդիրը՝ ինքնահոս ջրի, ՋՕԸ-ն էլ մեղք չունի, այդ խողովակաշարը ճնշմանը չի դիմանում պայթում է, երևի նախագծման խնդիր է եղել»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։
Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի հայտարարությանը, Գրիգոր Հարությունյանն ասաց, որ ինքը գիտի, թե Թաթոյանի ինտոնացիան ու մտքերը ինչ նպատակ են հետապնդում։
Գրիգոր Հարությունյանը նշեց, որ այդ խնդիրը նոր չի, և Խորհրդային տարիներից սկսած այդ վեճը կա Օրդուբադի ու մերոնց միջև։
Հարցին, թե Թաթոյանն ինչու է դա ներկայացնում որպես նոր եղելություն, Գրիգոր Հարությունյանն ասաց. «Ինքն ամեն ինչ ներկայացնում է, որպեսզի վարկաբեկի այս իշխանություններին»։