Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Հունգարիային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Հունգարիայի ընտրանուն:


Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում առաջին վտանգավոր պահը ստեղծեց Հունգարիայի հավաքականը: Առաջին կեսի 20 րոպեներին թիմերը փոխանակվում էին միայն գրոհներով, սակայն նախաձեռնությանը տիրում էր Հունգարիան: 


Հանդիպման 32-րդ րոպեին հունգարացիների երկարատև գրոհը եզրափակվեց գոլով: Գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Վարգան:


Երկրորդ կեսում թե Հայաստանի հավաքականը, թե Հունգարիայի ընտրանին սուր գրոհներ էին կազմակերպում, սակայն գրոհների եզրափակում չկար: Ի վերջո, Հայաստանի հավաքականին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը ու Եղիշե Մելիքյանի թիմն այս ընտրական փուլում կրեց իր 4-րդ պարտությունը:  


Հայաստան-Հունգարիա` 0:1:


Հաջորդ ու վերջին տուրում Հայաստանի ազգային թիմը նոյեմբերի 16-ին կմրցի Պորտուգալիայի հետ: Այս խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: