Կարապետյանների նման մեծաբերան մեկն էլ 2021-ին էր «մինչև քոքը մաշացնում»

Վաղարշապատի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» վստահ հաղթանակ տարավ։ Ընդդիմադիր դաշտը ակնհայտ ֆիասկոյի ենթարկվեց։ Գյումրիի և Փարաքարի ընտրություններից հետո նրանց մոտ էյֆորիա էր։ Նրանք իրենց համակիրներին և առհասարակ քաղաքացիներին այնքան էին ասել՝ իշխանության վարկանիշը ընկել է, պատմական մինիմումի վրա է, իշխանությունը չունի ժողովրդի աջակցությունը և այլն, որ իրենք էլ սկսեցին հավատալ իրենց քարոզչական փուչիկներին, որոնք ի սկզբանե իրենք էլ գիտեին, որ հորինված են։ Բայց, ինչպես ասվում է, հալվա ասելով բերանդ չի քաղցրանա։ Ընդդիմությունը Վաղարշապատում պարտվեց, և պետք է հիմա փնտրել ու գտնել պարտության մեղավորներին։


Դե առաջին մեղավորը, իհարկե, ժողովուրդն է։ Ընտրություններից շատ առաջ հավաքական ընդդիմությունը պարբերաբար խոսում կամ ակնարկում էր «էլիտայի» մասին, «կիսագրագետ ժողովրդին ընտրության իրավունքից զրկելու անհրաժեշտության» մասին, նրանց անվանում «խորը անասուն», իսկ ահա ընտրությունների նախաշեմին ակնկալում իրավագիտակցություն, խոսում ընտրության իրավունքի, ժողովրդավարության մասին․․․


Պարտությունից ժամեր անց ընդդիմությունը կրկին վերադարձավ նախկին խոսույթին ու ժողովրդին մեղադրելուն։ Ընդդիմությունը այդպես էլ չսովորեց ընդունել պարտությունը կամ սեփական սխալները։ Մեղավոր են բոլորը՝ բացի իրենցից, ինչպես 2018 թվականի հեղափոխության համար մեղավոր են բոլորը՝ մասոնները, թուրքերը, այլմոլորակայինները, դրսի՝ «շատ ավելի մեծ ուժերը» և վերջապես՝ ժողովուրդը։


Սեփական սխալները չընդունելու ցուցիչներից մեկն էլ այն թեզն է, թե իրականում իշխող ուժը 48 տոկոս չի ստացել, այլ 21 տոկոս, որովհետև ընտրելու իրավունք ունեցողների 45 տոկոսն  է մասնակցել ընտրություններին։ Նույնը ասում էին Երևանի ընտրությունների ժամանակ, բայց Գյումրիում կամ Փարաքարում նմանօրինակ հաշվարկ չկատարեցին։ Հասկանո՞ւմ եք՝ սեփական սխալները հաշվարկելու փոխարեն նստել հաշվիչով հաշվել են, թե ՔՊ-ին ձայն տված քաղաքացիները ընտրելու իրավունք ունեցողների քանի՞ տոկոսն են կազմում, որ իրենց մխիթարեն, թե 48 տոկոսը չի քվեարկել ՔՊ-ին, այլ՝ ընդամենը 21-ը։ Կարծես թե աշխարհի որևէ երկրում 100 տոկոս մասնակցություն է լինում։ Դե իհարկե, նման դեպքեր էլ են եղել։ Ավելին՝ 2000-ականներին դեպքեր են եղել, որ մի գյուղում ընտրություններին մասնակցել է ընտրողների 120 տոկոսը։ Բայց դուք դրա համա՞ր եք պայքարում, հարգելի ընդդիմություն։ Ախր այս ողորմելի թեզը տարածվում է ոչ թե ընդդիմության կիսագրագետ քարոզիչների, այլ լիդերների դեմքերով՝ Իշխան Սաղաթելյանի, Վանեցյանի և այլոց։


Այս պարտությունը ընդդիմության մյուս հատվածի գրպանը գցելու առաջին գրառումը, ի դեպ, Նարեկ Կարապետյանն արեց՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին։ «Այս ընտրությունները հայկական քաղաքական օրակարգում վերջիններից են, որտեղ պայքարում են մինչ հունիսի 18-ի ընդդիմությունն ու իշխանությունը։ Եվ այն ցույց տվեց, որ Նոր Ուժն է լինելու նոր հայկական հաղթանակի գրավականը»։


Նոր ուժ ասելով Նարեկ Կարապետյանն ո՞ւմ նկատի ունի՝ Հայկ Մարությանի կուսակցությա՞նը։ Որովհետև քաղաքական դաշտում «Նոր ուժ» անունով Մարությանի կուսակցությունն է փոքրիշատե հայտնի։ Եթե Կարապետյանը նոր ասելով նկատի ունի ոչ հին, ապա  նոր բառը պետք է գրել փոքրատառով։ Եթե վրիպակ է, ապա այդ դեպքում էլ է ամեն ինչ տանում դեպի Մարությանի կուսակցությունը։ Որովհետև իրենք՝ կարապետյանները, անգամ խուսափում, հապաղում են նոր ուժ ստեղծել։  Հայտարարում են բոլորի կողմից ընդունելի վարչապետի թեկնածուի մասին՝ չասելով անունը։ Հիմա այս ապաքաղաքական մարդիկ ապաքաղաքական կամավորական շարժումով, ապաքաղաքական խոսույթով ու գիտակցումով մեծ-մեծ խոսում են վերջին հաղթանակի մասին։ Կարապետյանների նման մեծաբերան մեկն էլ 2021-ին էր «մինչև քոքը մաշացնում»։ Բայց պարոնայք կարապետյաններ, դուք գոնե մի ուժ ստեղծեք, նոր խոսեք մյուսների հաղթանակների ու պարտությունների մասին։ Քաղաքականությունը դատարանների առաջ կրակներով ու հարմարավետ պայմաններով «Սամվել» գոռալն ու լոյալ լրատվամիջոցների լոյալ հարցերին պատասխանելը չի, ոչ էլ Թակեր Կարլսոնի հետ խղճուկ հարցազրույցը։ Ընդդիմության ներսում անգամ առաջին տեղը զբաղեցնելու համար փողը բավարար պայման չէ։ Ողջ կյանքում փողի «զոռով» հարցեր լուծած մարդիկ կարծում են, թե քաղաքական դաշտում էլ կարող են բացառապես փողով հարցեր լուծել։ Տպավորություն է, թե նրանք առաջնորդվում են «Այն, ինչ հնարավոր չէ գնել փողով, կարելի է գնել մեծ փողով» կարգախոսով։ Բայց գոնե իրավիճակը պետք է այս մարդկանց հուշեր, որ սա այդ դեպքը չէ։ Սամվել Կարապետյանն, օրինակ, ունի շատ փող, ու միաժամանակ որտե՞ղ է գտնվում Սամվել Կարապետյանը՝ «ուղղիչ աշխատանքային գաղութում»։


Նարեկ Կարապետյանը ծանր է տարել նաև իրե՛նց վերագրվող պարտությունը։ Հաջորդ գրառմամբ ասել է, թե միայն մի տեղ են իրենց «կրել», այն էլ՝ «բռնել տալով»։  Պարզվում է՝ Սամվել Կարապետյանը բոլոր հնարավորություններն ունեցել է կալանքի չգնալու, բայց հոժարակամ գնացել է։


«Մի տեղ եք «կրել», որ կարողացել եք լավ բռնել տալ։ Ինքն էլ, ունենալով բոլոր հնարավորությունները չգնալ կալանքի, գնաց, որովհետև տղամարդ է, ձեր պես չգնաց Ավանի (Քանաքեռի, Էրեբունու, Խանջյանի, Բանգլադեշի) շենքերի չուլաններում 1 տարի 4 ամիս պախկված մնաց», - գրել է Նարեկ Կարապետյանը։


Տեսնես այդ ի՞նչ պետք է աներ՝ «բոյ տալով» պետք է առանձնատնից դուրս գար, փախչեր «Զվարթնո՞ց»։ Այդ ի՞նչ հնարավորության մասին է խոսքը։


Բայց ուշագրավ է նաև Նարեկ Կարապետյանի, որ առաջադեմ, զարգացած, երիտասարդի կերպար է հորինել իր համար, բառամթերքը, որը մատնում է իր հետադիմական, պատրիարխիալ, կարծրատիպային մտածելակերպի ու աշխարհընկալման մասին՝ տղամարդկությանը վերագրելով արժեքային բարձր հատկանիշներ՝ այդպիսով ակնհայտ թիրախավորելով կանանց՝ նրանց վերագրելով ավելի ցածր արժեքներ։


Դե ինչ՝ 2026-ի ընտրություններին Նարեկ Կարապետյանը կհամոզվի, որ քաղաքականությունում հաղթում է քաղաքական ձևը։ «Մեր ձևովը» Ռուսաստաններում է մոդա։

 

Վոլոդյա Հակոբյան