Ինչո՞ւ ՀԷՑ-ը զրկվեց լիցենզիայից: Հանրային ՀԸ եթերում ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ասաց ամեն ինչ փաստարկված է և ապացուցված, թե ինչն է հանգեցրել այդ որոշմանը:
Հայտնաբերված խախտումները հիմնականում 6 կետի տակ են ամփոփվել: Դրանցից առաջինը ՀԾԿՀ նախագահը նշեց համակարգի սերվերային բազայի ինֆորմացիայի անհասկանալի անհետացմանը:
«Այսինքն բաշխողի էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատ համակարգի սերվերում գրանցված ինֆորմացիայի անհետացման մասին է խոսքը: Բանից պարզվում է, որ 2025 թվականի հունվարի 2-ին սերվերի վրա ինչ-որ ծրագրային գործողություններ անելու ժամանակ անհասկանալի իրավիճակում 2018 թվականից մինչև 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսն ընկած ինֆորմացիան ջնջվել է և այն այս պահի դրությամբ դեռ վերականգնված չէ, և նույնիսկ հնարավոր չէ վերականգնել: Մեզ այդպես բացատրեցին:
Դա խոսում է այն մասին, որ 2018-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերը ՀՀ բոլոր սպառողների հաշվիչների ցուցմունքները, որոնք որ պետք է արխիվացվեին 3 ամիսը մեկ և առնվազն 5 տարի պահպանվեին, կանգնած են փաստի առաջ, այդ ինֆորմացիան չքացել է:
Սա լիցենզիոն պարտավորությունների լուրջ խախտում է»,- ասաց Մեսրոպ Մեսրոպյանը: