Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցությունից օգտվող տնտեսվարողների համար կբարելավվի հարկային միջավայրը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կառավարության նիստում 2025 թվականի հոկտեմբերի 30-ին հավանության արժանացած օրենսդրական նախաձեռնության շրջանակում նախատեսվում է բարելավել գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսվարողների հարկային միջավայրը:


Նախագծով սահմանվել է, որ պետության կողմից ֆինանսավորվող՝ գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրվող վարկերի (կամ լիզինգի) գումարները, ինչպես նաև դրանց մասով հաշվարկվող տոկոսադրույքների սուբսիդավորման համար տրամադրվող գումարները, շահութահարկ վճարողների համար չեն համարվի եկամուտ, իսկ այդ գումարների հաշվին կատարված ծախսերը չեն համարվի ծախս: Այս փոփոխությունները նախատեսվում է կիրառել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։


Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները նախատեսվում է կիրառել գյուղատնտեսության ոլորտի շահութահարկ վճարողների համար՝ 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ։


Կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 1500-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով։ Օրինագիծն ընդունվելուց հետո պետական աջակցության գումարների գծով արտոնյալ հարկային կարգավորումները կկիրառվեն նաև 2024 թվականի տարեկան ֆինանսական արդյունքներով արդեն իսկ շահութահարկ վճարած տնտեսվարողների նկատմամբ։