Նիկիտա Սիմոնյանի կյանքն ու գործունեությունը մեր սպորտային պատմության մեջ խոր հետագիծ են թողել. Վահագն Խաչատուրյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ, որում նշված է. 


«Ցավով տեղեկացա հայկական և խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի մահվան մասին։


Նրա կյանքն ու գործունեությունը մեր սպորտային պատմության մեջ խոր հետագիծ են թողել։ Նիկիտա Սիմոնյանի բազմամյա վաստակը նշանակալի դեր է ունեցել հայկական ֆուտբոլի ձևավորման, նրա հեղինակության բարձրացման և մարզական մշակույթի ամրապնդման գործում։ Նրա կենսափորձը, սկզբունքայնությունը և մտածող մարզչի կերպարը սերունդներին փոխանցել են աշխատանքի նկատմամբ նվիրումի ու հաղթելու կամքի զգացում։


Առանձնահատուկ է Նիկիտա Սիմոնյանի կապը «Արարատ-73»-ի ոգու և այն խորհրդանշական հաղթանակների հետ, որը տասնյակ տարիներ շարունակ հայկական հասարակության մեջ եղել է ոգևորության, միասնության և ազգային արժանապատվության վերելքի աղբյուր։ Նրա թողած ժառանգությունը հազարավոր երեխաների և երիտասարդների մեջ արթնացրել է սեր ֆուտբոլի, առողջ կյանքի և մրցակցության ազնիվ ոգու հանդեպ։


Խորին ցավակցություն եմ հայտնում Սիմոնյանների ընտանիքին, հարազատներին, ինչպես նաև նրա վաստակը գնահատող բոլորին։


Նրա հիշատակը մշտապես վառ կմնա հայկական սպորտի պատմության էջերում»։