ՀԷՑ-ը լրացուցիչ պարգևավճարներ է տվել 1 813 աշխատակիցների՝ խնայված միջոցների հաշվին

ՀԷՑ-ի 1.813 աշխատակիցներ այսօր հերթական անգամ վարձատրվեցին լրացուցիչ պարգևավճարներով՝ աշխատավարձային ֆոնդում առկա խնայողությունների հաշվին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

 


«ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրենները, ավանդույթի համաձայն, անցյալ ամսվա համար կրկին պարգևավճարներ չեն ստացել. արդյունքում Ընկերության աշխատանքի վարձատրության ֆոնդում դարձյալ ունենք մի քանի տասնյակ միլիոն ՀՀ դրամի չափով խնայողություններ։


 

ՀԷՑ Ժամանակավոր կառավարչի առանձին հրամանով՝ որպես հավելյալ պարգևավճար, հերթական անգամ խնայված միջոցները համաչափորեն բաշխվել են՝ այս անգամ արդեն ՀԷՑ-ի շուրջ 1.813 աշխատակիցների միջև, ում անցյալ ամսվա աշխատանքի վարձատրության հանրագումարը (աշխատավարձ + պարգևավճար) չի գերազանցել 200 հազար ՀՀ դրամը (հարկերը՝ ներառյալ). արդյունքում վերջիններիս վարձատրությունն այդ ամսվա համար ավելացել է լրացուցիչ 10-20 % չափով։


 

Այդ խմբի մեջ մտնում են մեր բազմաթիվ տեսուչներ, հսկիչներ, տեխնիկներ, մոնտյորներ, փականագործներ, բանվորներ, վարորդներ և այլ մասնագետներ։


 

Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բարեխիղճ և ազնիվ աշխատակիցներին։


 

ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը։