ԱՄՆ-ը ռազմական ծախսերի համար նախատեսում է հատկացնել ռեկորդային՝ 901 մլրդ դոլար. Ուկրաինային աջակցության համար՝ 800 մլն դոլար

Կիրակի՝ դեկտեմբերի 7-ին, ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են պաշտպանական քաղաքականության մասին օրինագծի վերջնական տեքստը, որը նախատեսում է ազգային անվտանգության ռեկորդային ծախսեր, ինչպես նաև օգնություն Ուկրաինային: Այս մասին հայտնում է Fox News-ը։


2026 թվականի ֆինանսական տարում օրինագիծը ռազմական ծախսերի համար նախատեսում է 901 միլիարդ դոլարի հատկացում։ Սա 8 միլիարդ դոլարով ավելի է, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել էր այս տարվա մայիսին։


Փաստաթուղթը նախատեսում է նաև օգնություն Ուկրաինային:


«Օրինագիծը երկարաձգում է անվտանգության ոլորտում Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու նախաձեռնության ֆինանսավորումը տարեկան 400 միլիոն դոլարով՝ 2026 և 2027 ֆինանսական տարիների համար»,- հաղորդում է Fox News-ը։


Բացի դրանից, ԱՄՆ Կոնգրեսը կպահանջի ավելի հաճախակի հաշվետվություններ դաշնակիցներից Ուկրաինային կատարված ներդրումների վերաբերյալ՝ հետևելու համար, թե ինչպես են եվրոպացի գործընկերները աջակցում Կիևին։