Մեկնարկել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար նախաձեռնված դրամահավաքը. «Հայաստան» հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025թ. դրամահավաքն արդեն հաջողությամբ մեկնարկել է։


Հայրենանվեր այս գործին միանում են նաև Հայաստանի ֆինանսաբանկային և գործարար համայնքների ներկայացուցիչները։


Հիմնադրամից հայտնում են, որ այն ուղղված է Սպանդարյան ջրանցքի վերակառուցմանը, որի արդյունքում Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերը կունենան ոռոգման ջուր։ Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքը սկիզբ է առնում 2280 մետր բարձրությունից։


Ներկայումս այն մինչև 70% վթարված է, ինչի հետևանքով մի շարք բնակավայրեր զրկված են ոռոգման ջրից։ Վերակառուցման արդյունքում կապահովվի 2800 հա հողատարածքի արդյունավետ ոռոգում, և 730 ընտանիք (4320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու։ Ծրագիրը կնպաստի նաև ջրային անվտանգության ապահովմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև տնտեսական կայունությանը և կլիմայական դիմակայունությանը։ 


«Ջրանցքի ներքին ցանցերի վերականգնումից հետո կկարողանանք ոռոգել շուրջ 3000 հա հավելյալ հողատարածք։ Գյուղատնտեսության մեջ հսկայական աճ կգրանցվի, ինչը Սյունիքի գյուղատնտեսության վերականգնման համար մեծ նշանակություն ունեցող ծրագիր է, և հազարավոր մարդիկ կօգտվեն դրանից։ Գործարարները ևս հասկանում են այս տնտեսական և ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրի կարևորությունը։ Այժմ մենք աշխատում ենք ֆրանսիացի մասնագետների հետ՝ հուսալով, որ ավարտին կունենանք ոչ միայն ջրային պաշարներ, այլև կխթանենք գյուղատնտեսության զարգացումը»,- ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը։


Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը, ակնկալվող թիրախային արդյունքներից բացի, կունենա նաև երկարաժամկետ և շարունակական ազդեցություն։ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններին զուգահեռ աջակցություն կտրամադրվի Սյունիքի գյուղատնտեսության կայուն զարգացմանը՝ ապահովելով գյուղաբնակների եկամտի կայուն աճ։ 


Հիմնադրամը մշտապես առանձնացնում է ամենաարդիական ու հրատապ լուծում պահանջող հարցերը՝ նախաձեռնելով դրանց իրականացումը և նպաստելով Հայաստանում կյանքի որակի բարելավմանը։ Հիմնադրամը մինչ օրս միավորել է ավելի քան 1,5 միլիոն հայերի՝ ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար ներդնելով 1500-ից ավելի նախագծերում։ 2024-ից սկսած՝ հիմնադրամը ծրագրային դրամահավաքներ է իրականացնում՝ ապահովելով առավելագույն արդյունավետություն, թափանցիկություն և հաշվետվողականություն։ Այս տարվա դրամահավաք-արշավը կտևի մեկ ամիս, և արդյունքների հաշվետվությունը կներկայացվի ամփոփումից հետո։ 


Հիշեցնենք, որ Հայաստանի անկախությունից ի վեր Համահայկական հիմնադրամը հայրենիքն ու սփյուռքը միավորող առաջին կազմակերպությունն է, որը յուրաքանչյուր հեռուստամարաթոնին  միավորել է հայրենակիցներին ամբողջ աշխարհից՝ կենտրոնացնելու ջանքերը՝ հանուն հայրենիքի վերակառուցման, պահպանման և աջակցության: Հիմնադրամը մշտապես առանձնացնում է ամենաարդիական, հրատապ լուծում պահանջող հարցերը, նախաձեռնում դրանց իրականացմանը, որոնք նպաստում են Հայաստանում կյանքի որակի բարելավմանը: