Արթիկում վառվեցին համայնքի գլխավոր տոնածառի լույսերը

Արթիկ քաղաքի «Ազատության» հրապարակում հանդիսավոր կերպով վառվեցին համայնքի գլխավոր տոնածառի լույսերը։ 2026 թվականը Արթիկ համայնքը դիմավորում է նոր գլխավոր տոնածառով․ այս տարի Ազատության հրապարակը զարդարել է 15 մետր բարձրությամբ, բոլորովին նոր ամանորյա եղևնին։


Միջոցառմանը մասնակցել են Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ և համայնքի բնակիչներ։ Տոնական միջոցառումը ուղեկցվել է երգ ու պարով, անակնկալներով։ 


«Համայնքապետարանը ջանք չի խնայել քաղաքին տոնական շունչ հաղորդելու համար՝ ամանորյա ձևավորմամբ զարդարելով Արթիկ քաղաքի կենտրոնական փողոցները, էստակադան և հրապարակը։ Բացի այդ, համայնքապետարանի կողմից Արթիկ համայնքի բոլոր 23 գյուղերին տրամադրվել են 6 մետր բարձրությամբ նոր տոնածառեր՝ զարդարանքով և լուսավորությամբ», - տեղեկացրին համայնքապետարանից


Ներկաներին գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը՝ մաղթելով, որ 2026 թվականը լինի նպատակների իրականացման և նոր ձեռքբերումների տարի։ Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արթիկ համայնքի բարերար Կնյազ Խաչատրյանին՝ համայնքին գլխավոր տոնածառ նվիրելու համար։