Կառավարության պահուստային ֆոնդից 329,855.0 հազար դրամ կհատկացվի ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ հողամասերի ձեռքբերման նպատակով։ Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ դեկտեմբերի 18-ի նիստին ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ նախագծով առաջարկվող լուծումը քննարկվել է Տավուշի մարզի գործընկերների հետ: Խոսքը 20 սեփականատերերի պատկանող հողամասերի ձեռքբերման մասին է, որը պետք է ծառայի ստադիոնի կառուցման համար: Հողամասերի վաճառքի մասով 20 սեփականատերերի գրավոր համաձայնություններն արդեն իսկ կան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ պատկերացում կա՞, թե ստադիոնը քանի հանդիսատեսի համար է լինելու, նախարար Անդրեասյանը պատասխանեց. «Խոսում ենք առնվազն 10 հազար տեղի մասին: Մենք արդեն իսկ Վանաձորի ստադիոնի շուրջ ունեցած միջազգային գործընկերների հետ քննարկումներով հասկանում ենք, որ ունենալով տրիբունան ամբողջական, շուրջ 12 հազար հոգի հնարավոր կլինի տեղավորել: ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստադիոնի մասին է խոսքը»: