Ինչո՞ւ Կրեմլի համար ընդունելի չեն Ուկրաինայի և ԱՄՆ-ի առաջարկները․ The New York Times

Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, չի ընդունի խաղաղության թարմացված ծրագիրը, որը Կիևը պատրաստել է Վաշինգտոնի հետ համատեղ։ 20 կետից բաղկացած փաստաթուղթը, որը ներկայացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, էապես տարբերվում է նախորդ տարբերակից, որը փաստացի ենթադրում էր տարածքային զիջումներ Ուկրաինայի կողմից և ՆԱՏՕ-ին անդամակցելու կուրսից հրաժարում։ Նոր պլանը ներառում է անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և երկրի հետպատերազմյան վերականգնմանն ուղղված միջոցառումներ, գրում է The New York Times-ը։


Կիևը փաստաթուղթն անվանում է «փոխզիջումային», սակայն Մոսկվայում այն այլ կերպ են ընկալում։ Ռուս վերլուծաբաններն ու պաշտոնական անձինք արդեն հայտարարել են, որ առաջարկները հաշվի չեն առնում Կրեմլի առանցքային պահանջները։ Ռուսաստանի հիմնական «կարմիր գծերը» մնում են անփոփոխ՝ ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնեցկի և Լուգանսկի մարզերից և Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելուց իրավաբանորեն ամրագրված հրաժարում։


Ըստ Պուտինի՝ Մոսկվան պատրաստ է քննարկել առանձին «զիջումներ», սակայն չի հրաժարվում Դոնեցկի մարզի նկատմամբ լիակատար վերահսկողության նպատակից։ Մինչդեռ ուկրաինական պլանը պահանջում է ռուսական զորքերի դուրսբերում մի շարք տարածքներից և առաջարկում է ապառազմականացված գոտի ստեղծել Դոնեցկի մարզում միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը դիմի սիմետրիկ նահանջի։ Նաև չլուծված է մնում Զապորոժիեի ատոմակայանի հարցը։


Չնայած տնտեսական ճնշումներին և պատժամիջոցներին՝ Կրեմլը կարծում է, որ կարող է շարունակել պատերազմը։ Ռուսաստանը պահպանում է նոր պայմանագրային զինծառայողների կայուն հոսքը, իսկ տնտեսական իրավիճակը, թեև վատթարանում է, դեռևս չի հասել օրհասական մակարդակի։ Ըստ գնահատականների՝ հարձակման ներկայիս տեմպերի պարագայում Ռուսաստանից կպահանջվի մոտ մեկուկես տարի Դոնեցկի մարզն ամբողջությամբ գրավելու համար։


Միևնույն ժամանակ, Մոսկվան չի հրաժարվում բանակցություններից։ Փորձագետները կարծում են, որ Կրեմլը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ երկխոսությամբ, որպեսզի խուսափի պատժամիջոցների խստացումից և չթողնի խաղաղ գործընթացը տապալող կողմի տպավորություն։ Այդուհանդերձ, վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանը պատրաստ չէ իրական զիջումների և բանակցություններն օգտագործում է ավելի շուտ որպես մարտավարական գործիք։