Ռուսաստանը գիշերվանից հերթական զանգվածային հարվածն է հասցնում Ուկրաինային՝ կիրառելով մոտ 500 հարվածային անօդաչու թռչող սարք, մասնավորապես՝ «Շահեդներ», ինչպես նաև ավելի քան 40 հրթիռ, այդ թվում՝ «Կինժալներ»։
Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
Նրա խոսքով՝ հարձակման հիմնական թիրախը եղել է Կիևը. հարվածների տակ են հայտնվել էներգետիկ օբյեկտները և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Մայրաքաղաքում կան թիրախային հարվածներ, վնասվել են բնակելի շենքեր. դրանցից մեկի փլատակների տակ փրկարարները մարդ են փնտրում։
Կիևի մի շարք թաղամասերում և մարզում բացակայում է էլեկտրամատակարարումն ու ջեռուցումը, շարունակվում է հրդեհների մարումը։ Էներգետիկ օբյեկտների մի մասում վերանորոգման բրիգադներն արդեն սկսել են աշխատանքը, մյուսներում անձնակազմը գտնվում է ապաստարաններում։
Զելենսկին ընդգծել է, որ պատերազմի ավարտի վերաբերյալ միջազգային առաջարկներին արձագանքելու փոխարեն Ռուսաստանը խոսում է հրթիռների և անօդաչուների լեզվով։
«Ռուսաստանի ներկայացուցիչները երկարատև զրույցներ են վարում, բայց իրականում նրանց փոխարեն խոսում են «Կինժալներն» ու «Շահեդները»։ Սա է Պուտինի և նրա շրջապատի իրական վերաբերմունքը», — հայտարարել է Զելենսկին։
Նա շեշտել է, որ Կրեմլը չի ձգտում պատերազմի ավարտին և փորձում է ուժեղացնել ճնշումը Ուկրաինայի ու միջազգային գործընկերների վրա, ինչը նշանակում է, որ պատասխանը պետք է լինի ուժեղ և վճռական։
Նախագահը գործընկերներին կոչ է արել ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության ոլորտում, և ապահովել ՀՕՊ միջոցների ժամանակին ու բավարար մատակարարումներ։
«Եթե Ռուսաստանը նույնիսկ Սուրբ Ծննդյան և Ամանորի ժամանակահատվածը վերածում է ավերված տների, այրված բնակարանների ու քանդված էլեկտրակայանների ժամանակի, ապա այս հիվանդագին ակտիվությանը կարելի է պատասխանել միայն իրապես ուժեղ քայլերով։ Ամերիկան ունի այդ հնարավորությունը, Եվրոպան ունի այդ հնարավորությունը, մեր գործընկերներից շատերն ունեն այդ հնարավորությունը։ Կարևորը՝ օգտվելն է», — գրում է նա։
Զելենսկին նաև հայտնել է, որ Ուկրաինան կշարունակի դիվանագիտական աշխատանքը և անվտանգության հարցերը կքննարկի Եվրոպայի առաջնորդների, Կանադայի վարչապետի և ԱՄՆ նախագահի հետ։