Քեշ փողի փոխարեն՝ նախընտրական բարեգործություն․ Կարապետյանները՝ նախկինների ձևերով

Որքան մոտենում են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, Կարապետյանների բարեգործական ակցիաները նոր թափ են ստանում։


Իհարկե, ընտրողներին գրավելու այսպիսի հնարավորություն չէր կարող բաց թողնել ռուսաստանցի օլիգարխի ընտանիքը, որը վերջին ամիսների ընթացքում քաղաքական դաշտում ակտիվություն է ցուցաբերում, շարժում է հիմնել, մեկը մյուսի հետևից գրասենյակներ է բացում Երևանում և մարզերում, այս ամիս էլ  խոստացել  են իրենց վարչապետի թեկնածուի անունը հայտարարել։


Ու հենց այս  ընտրական թոհուբոհի մեջ Սամվել Կարապետյանի ավագ որդին՝ Սարգիս Կարապետյանը, բարեգործություն  է նախաձեռնել։ Իր անուն-ազգանունն ունեցող հիմնադրամը նախատեսում է հոգալ  Հայաստանի հարյուր բարձր առաջադիմություն դրսևորող ուսանողների  ուսման վարձը։ Կարապետյանի ֆոնդը յուրաքանչյուր մարզից կընտրի 10  ուսանողի։


Համացանցում թե՛ հայերենով, թե՛ իրենց ավելի հարազատ ռուսերենով փնտրեցինք նշված հիմնադրամի մասին տեղեկություն, թե, օրինակ, նախկին իշխանությունների օրոք  ինչ բարեգործություններ է արել, երբ Հայաստանում աղքատությունը ծայրաստիճան դրսևորումներ ուներ, սակայն   ինֆորմացիան սկսվում և ավարտվում էր հիշյալ բարեգործության մասին  տեղեկատվությամբ։


Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, որը վերջին  իրադարձությունների ֆոնին հիշել է իր հայրենիքի տեղը, այցելում է «Հայ մայրեր» վերականգնողական կենտրոն, հանդիպում հաշմանդամություն ունեցող երեխաներին, նրանց հետ դիտում «Հայ Դավիթ» մուլտֆիլմն ու խոստանում, որ Կարապետյանների ընտանիքը կկրկնապատկի Սինեմա սթարում մուլտֆիլմի տոմսերից ստացված հասույթն ու այն կուղղի հիմնադրամին։ 


Հիշեցնենք՝ ամռանն էլ գիտելիքի ու դպրության օրվան ընդառաջ Կարապետյանների ընտանիքը պայուսակներ ու գրենական պիտույքներ էր բաժանում երեխաներին։ Իսկ ամենազվարճալին այս պատմության մեջ թերևս ամանորյա զարդարանքների տեսքով նվերներն էին Գյումրիին, որտեղ անգամ  փափուկ խաղալիքների վրա փակցված էր իրենց տարբերանշանը։