ՀՀ ԱԳ նախկին նախարար, քաղաքականությունից հեռացած, բայց ժամանակ առ ժամանակ սոցհարթակներում կենդանության նշաններ ցույց տվող, երբեմն էլ ցնցակաթված հարուցող առաջարկներով հանդես եկող Վարդան Օսկանյանը, պարզվում է, անցած տարեվերջին համագումար է հրավիրել՝ լուծարելու սեփական կուսակցությունը՝ «Համախմբում»-ը։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ azdarar.am կայքում հրապարակված հայտարարությունից։ Ըստ այդմ՝ 2025-ի դեկտեմբերի 22-ին կուսակցությունը հրավիրել է արտահերթ համագումար, որի օրակարգում եղել է կուսակցության լուծարումն ու կուսակցության լուծարողի նշանակումը։ Արդյոք կայացել է համագումարը, թե ոչ՝ պարզել չհաջողվեց, քանի որ համագումարի հայտարարությանը կից հրապարակված հեռախոսահամարը օրեր շարունակ անհասանելի էր։ Վարդան Օսկանյանին նաև էլեկտրոնային հարցում ենք ուղարկել համագումարի հետ կապված ճշտումներ անելու, սակայն հարցմանը նույնպես պարոն Օսկանյանը հարկ չի համարել արձագանքել։
«Համախմբում»-ը, հիշեցնենք, մի պրոյեկտ էր, որի շռնդալից մուտքին ականատես եղանք
2016-ին՝ Ապրիլյան պատերազմից հետո, և որը խայտառակ ֆիասկո արձանագրեց 2017-ի ԱԺ ընտրությունների
ժամանակ, որին մասնակցում էր ՕՐՕ դաշինքով։ ԲՀԿ-ի քվոտայով պատգամավոր դարձած, Սերժ
Սարգսյանի իրավապահ համակարգի կողմից «փողերի լվացման» գործով հետապնդված, ապա և «մաքրված» Օսկանյանին այդպես էլ չհաջողվեց կուսակցությունը համախմբված
պահել՝ 2017-ի «ինցիդենտից» հետո եղավ մի պահ, որ կուսլիդերն ընդհատակ էր անցել,
ընդհանրապես կենդանության նշաններ ցույց չէր տալիս այն աստիճան, որ կուսակցականներից
ոմանք մեզ հետ զրույցում անկեղծացել էին՝ քիչ
է մնում հետախուզում հայտարարենք։ Նախկին համախմբումականներից
մի քանիսը, մասնավորապես Անդրանիկ Թևանյանը,
Էլինար Վարդանյանը, Արեգնազ Մանուկյանը, ի դեպ՝ հետագայում տեղ գտան Օսկանյանի երբեմնի շեֆի՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած
«Հայաստան» դաշինքում։ Հետհեղափոխական այս
տարիների ընթացքում, ինչպես դեպքերի ընթացքը ցույց տվեց, կուսակցությունը «բալաստի»
էր վերածվել Օսկանյանի խորտակված քաղաքական անուրջների նավում, որի տարեկան
հաշվետվություններն անգամ դրա կուսղեկը ալարում էր օրենքով սահմանված կարգով հրապարակել։
Մարդ-կուսակցության վերածված «Համախմբում»-ը, ահա, Օսկանյանի սիրած՝ հեռավար ֆորմատով
համագումար է հրավիրել՝ լուծարելու յուր չստացված պրոյեկտը, այն դեպքում, երբ ընդամենը
կես տարի հետո ԱԺ ընտրություններ են, քաղաքական հավակնություններ ունեցող մի շարք սուբյեկտներ
էլ քաղաքական կուսակցություններ են հիմնում՝ մասնակցության հայտ ներկայացնելու գալիք
համապետական քաղաքական գործընթացին։
Կուսակցության տարեկան հաշվետվություններն
ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ դրա ղեկավար կազմում ընդամենը մեկ անուն կա՝ Վարդան
Օսկանյան, դե իսկ կուսակցության «ֆինանսներն էլ ռոմանսներ են երգում»՝ կուսակցության բյուջե ոչ մուտք է լինում, ոչ էլ,
առավել ևս՝ ելք։ Զրոյացված քաղաքական կապիտալով ու ֆինանսներով այս կուսակցությունը,
նկատենք, քանիցս հայտնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, Հանձնաժողովը
վարչական վարույթներ է հարուցել որոշ տարիների տարեկան հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով չհրապարակելու ու ԿԿՀ
չներկայացնելու պատճառով։ Լինելով պատշաճ ծանուցված, սակայն, Օսկանյանն այդպես էլ ժամանակ
չի գտել ներկայանալու պետական մարմին, որը
գործը քննել է առանց նրա ու վարչական տույժ սահմանել:
2025-ի մայիսին էլ, նկատենք, ԿԿՀ-ն հերթական անգամ դիմել էր Օսկանյանին՝ պահանջելով կատարել Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի պահանջը՝ ներկայացնել կուսակցության իր հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին տվյալները, ինչպես նաև կուսակցության ղեկավար մարմնի այն անդամների վերաբերյալ համապատասխան ռեեստրները, որոնք 2022-ի հունվարի 1-ի դրությամբ հանդիսացել են հայտարարատու անձ։
Ի դեպ, մենք ուսումնասիրեցինք Վ. Օսկանյանի՝ որպես կուսակցության նախագահի, ԿԿՀ ներկայացրած տարեկան
հայտարարագրերը։ Պարզվեց, որ ԱԳ նախկին նախարարը 2024 թ. դրությամբ հասարակական նշանակության մեկ շինության 60 տոկոսի
բաժնային սեփականատերն է. գույքը գտնվում է
Երևանում, այն գնվել է 2007-ին։ Մեկ այլ գույք էլ՝ Ծաղկաձորում գտնվող հողամասը, որը ԱԳ նախկին նախարարը գնել է (50 տոկոս բաժնային
սեփականություն) դարձյալ այն ժամանակ, երբ պետական պաշտոն էր զբաղեցնում՝ 2006-ին, Օսկանյանն օտարել է 2023-ին,
26 միլիոն դրամով։ Նախկին պաշտոնյան, ի դեպ, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիրն է, հոգաբարձուների
խորհրդի անդամ։ Հիմնադրամից, ինչպես վերջինիս հայտարարագրերից է պարզ դառնում, նախկին
նախարարը ստանում է եկամուտ՝ վարձակալության
դիմաց։ Մասնավորապես 2024 թվականին Օսկանյանը «Սիվիլիթաս»-ից ստացել է 8 մլն 312 հազար 893 դրամ, ավելի քան 3
միլիոն դրամ էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ եկամտային հարկի
վերադարձի տեսքով։
Ի դեպ, Վարդան Օսկանյանը տարին դիմավորեց
հերթական «էքստրաօրդինար» հայտարարությամբ՝
կոչ էր արել ընդդիմադիրներին դիմել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակիցներին
և առաջարկել երկու ամսով հետաձգել միջոցառումն ու այն անցկացնել սպասվող խորհրդարանական ընտրություններից
հետո։ «Նման խնդրանքը կունենա համոզիչ հիմնավորում։ Հայաստանի
ժողովրդավարական հետընթացը, քաղաքական բանտարկյալների առկայությունը, անկախ
մամուլի ճնշումը և իշխանության ավտորիտար կենտրոնացումը փաստեր են, ոչ թե
կարծիքներ։ Քվեարկությունից օրեր առաջ Երևանում խոշոր քաղաքական միջոցառման
անցկացումը վտանգում է արդեն իսկ խաթարված գործընթացի լեգիտիմացումը։ Հետաձգումը
կհանդիսանա հարգանքի դրսևորում Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ»,- առաջարկել է
Ռոբերտ Քոչարյանի «կոնտորայի» երբեմնի ներկայացուցիչը։
Ժամանակին աշխարհին
«ռեսպուբլիկան» ներկայացրած անձը, փաստորեն, այն աստիճան է գլորվել, որ պատրաստ է նման
անհեթեթ մտքեր արտադրել՝ հավակնելով արժանանալ
ռեսպուբլիկայի թիվ մեկ խայտառակչու տիտղոսին։ Արդարությունը պահանջում է, որ
լուծարման նման մի գործընթաց էլ Օսկանյանն սկսի սեփական անձի նկատմամբ՝ որպես առաջին
քայլ ջնջելով իր ֆեյսբուքյան էջը, որը, նկատենք, նրա կենդանության մասին վկայող թերևս
միակ «հուշարձանն» է։
Հ. Մ.