ՀԱՊԿ-ի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար. Փաշինյան

«Պարզվեց, որ շատ դեպքերում կարիք չկա, որ մենք գնանք ու դռներ ծեծենք: Պաշտպանական սպառազինության ամբողջ գլոբալ շուկան Հայաստանի Հանրապետության առաջ բացվեց: Չեմ ուզում թաքցնել, այդտեղ կա նյուանս՝ կապված ՀԱՊԿ-ի հետ:


ՀԱՊԿ-ի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար»:Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ: 


«Մենք 2022 թվականին ուրիշ իրադրություն ունեինք, մենք ունեինք իրադրություն, որ նույնիսկ 100 միլիոն դոլարով ունեինք վճարումներ, որի դիմաց պետք է ստանայինք սպառազինություն ու տեխնիկա, և մեզ երբեմն քաղաքավարի, երբեմն էլ ոչ այդքան չէր իրականացվում մատակարարումը:


Այս իրադարձություններն են, որ մեզ հանգեցրել են եզրակացությունների, որ մենք պարադիգմը պետք է փոխենք: Այն բանաձևերը, որով մենք ճանաչում ենք աշխարհը, չեն ապահովում մեզ համար անհրաժեշտ կենսական իրողությունների և իրադրությունների ստեղծումը: Դա էր պատճառը, որ մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին:


Սրանք կարևոր նրբություններ են, որ մեր իրականության մեջ ընկալված չեն: Այս հարցը պետք է շատ կոնկրետ պատասխան ստանա, և հանրությունը այս նրբությունները արձանագրի: Միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ ՀՀ-ն հենց այս կոորդինատներում է դիրքավորվում որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ և այս սկզբունքներով է առաջնորդվում»,- ասել է վարչապետը:


Անդրադառնալով Եվրամիության անդամ դառնալու ձգտումներին՝ վարչապետը նշել է, որ պետք է գնալ ՀՀ-ն Եվրամիության ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով:


«Արդյոք մենք ուզո՞ւմ ենք լինել Եվրամիության լիիրավ անդամ՝ այո, աներկբա ու միանշանակ: Երկիրը պետք է համապատասխանի Եվրամիության ստանդարտներին, հակառակ դեպքում խնդիր դնելը այդ պայմանի շրջանցմամբ դառնալ Եվրամիության անդամ ժամանակի կորուստ է: Մեր ռազմավարությունը հետևյալն է․ մենք ամուր ու հստակ պետք է գնանք ՀՀ-ն Եվրամիության ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով»,- ասել է վարչապետը: