Հանուն Հանրապետության կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից TRIPP «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության իրականացման շրջանակի հրապարակումը՝ որպես Հայաստանի և ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված կարևոր քաղաքական ազդակ։
Մենք կարևորում ենք փաստաթղթում բազմիցս ընդգծված Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքները, ինչպես նաև այն մոտեցումը, ըստ որի՝ հաղորդակցությունների բացումն ու տարածաշրջանային փոխկապակցվածությունը պետք է կառուցվեն միջազգային չափանիշներին համապատասխան՝ պետության լիարժեք վերահսկողության ներքո։
Միևնույն ժամանակ, մեր համոզմամբ՝ նման մասշտաբի նախաձեռնության հաջողությունը պահանջում է առավելագույն թափանցիկություն, հանրային հաշվետվողականություն և հստակ իրավական երաշխիքներ՝ հատկապես կառավարման մոդելի, ներդրումային պայմանների, տվյալների անվտանգության, սահմանային ու մաքսային գործառույթների և համայնքների իրավունքների պաշտպանության մասով։ Այդ պարզաբանումները կարևոր են հանրային վստահության ամրապնդման և Հայաստանի երկարաժամկետ պետական շահերի լիարժեք ապահովման համար։
Հանուն Հանրապետության կուսակցությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ Հայաստանի զարգացման և անվտանգության ամուր հիմքը ինքնիշխան, վերահսկելի և միջազգային գործընկերությունների վրա կառուցված տնտեսական ու ինստիտուցիոնալ հզորացումն է։ Մենք շարունակելու ենք հետևողականորեն աջակցել այն նախաձեռնություններին, որոնք բացում են Հայաստանի հնարավորությունները, ամրապնդում նրա սուբյեկտայնությունը և ծառայում մեր քաղաքացիների երկարաժամկետ բարեկեցությանը։