Ձմեռն իր տարերքի մեջ է, ՀՀ-ի նկատմամբ սանձազերծված հիբրիդային պատերազմը՝ նույնպես, որը այլևս քրոնիկ սրացումներով դրսևորվում է մասնավորապես ընդդիմադիր դաշտում։ Սրացման առիթը տվել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ արձանագրելով անհերքելի փաստը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (կառավարող ուժը) սոցհարցումների տվյալներով առաջատարն է։ Թուրքիայի ԱԳ նախարարն այս արձանագրումն արել է՝ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության գործընթացի համատեքստում՝ արծարծելով նաև այս տարի հունիսին կայանալիք ԱԺ ընտրությունների հարցը։ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայում առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերակատարմանը, որը նա ցուցաբերում է այս հարցում։ Այս մոտեցումը, այս կամքը պետք է շարունակվի»,- նշել է հարևան երկրի նախարարը։ Քրոնիկ «թուրքացավով» տառապող, հակաթուրքական թեմատիկայի վրա պարազիտացած, «աչոկ» հավաքող և, ինչպես կասեր նախկին իշխանականներից մեկը՝ «դիշովի պոպուլիզմով» զբաղվող ընդդիմությունն իրեն սպասարկող քարոզչամեքենայով, բնականաբար, թարս, ավելի ճիշտ՝ ըստ իր փչացածության մակարդակի հասկացավ Ֆիդանի ասածը՝ եզրակացնելով՝ Թուրքիան միջամտում է ՀՀ ներքին գործերին, ուշադրություն՝ աջակցում է Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը։ Այնպես որ, եթե ՔՊ-ն նորից ընտրվի ու ստանձնի երկրի կառավարումը, իմացած եղեք, որ ունենալու ենք թուրքական կառավարություն։ Ինչպես ասում են՝ «ցըմփ», օվացիաներ, սիմֆոնիան ավարտվեց։ ՀՀ հյուսիսային դաշնակցի կողմից ակնհայտորեն հովանավորվող շարժման՝ «Մեր ձևով»-ի համակարգող, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ավարտած Նարեկ Կարապետյանն էլ, որը, կարծես, դիսլեքսիայով չի տառապում, այն է՝ կարողանում է գիրկապ անել, կարդացածը հասկանալ, կարդացել ու միտումնավոր չէր հասկացել Ֆիդանի խոսքերը՝ խելքին զոռ տալով. «Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։ Մնում է պարզել միայն մեկ հարց՝ ո՞ր թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ի՞ց, 2020-ի՞ց, թե՞ 2023-ից։ Հավատամիտ իմ ժողովուրդ, մեզ միասնություն է պետք»։ Ակնհայտ է, որ պարոն Կարապետյանն ու նրա խելքին ընկած մյուս ընդդիմադիր գործիչները ստանձնել են ՀՀ-ի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի զինվորների, եթե կուզեք՝ վարձկանների դերը։ Իհարկե, այն ծառայությունը, որը նրանք մատուցում են դրսի համապատասխան կենտրոնին, փոխշահավետ է, որում, բնականաբար, հաշվի են առնվել երկու սուբյեկտների շահերն էլ։ Պատերազմ վարողի, քանի որ նրան հարկավոր է (ինչպես օրերս հայտարարեց Սոլովյովի բերանով) իր ազդեցության գոտում ունենալ թույլ ու կամակատար իշխանություն, որին կարելի է հրահանգել անել կամ չանել այս կամ այն բանը, ասենք՝ չստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը՝ նոր պատերազմ գրգռելով, չեղարկել Վաշինգտոնում 2025 թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ TRIPP նախագիծը՝ վերադառնալով բոլոր մակարդակներում վասալա-ճորտային հարաբերություններին։ Դե իսկ ճորտի կարգավիճակում վերահայտնվելիք սուբյեկտի շահն այն է, որ բավարարի իր մոլեգին ամբիցիաները՝ վերատիրի իշխանական լծակները՝ շարունակելու սահմանադրական ինստիտուտները, մասնավորապես՝ ընտրական, այլասերելու ու անվերջ վերարտադրվելու գործընթացը, փրկի իր ապօրինի գույքը բռնագանձումից՝ երկրի գործերի կառավարումն էլ վերապահելով «ավտոպլիոտի» ռեժիմին։ Հետևապես «կեցցե» այն ֆորպոստը, որը գալու է վաղը՝ ՀՀ իրավագիտակից ու հեռատես քաղաքացիների դեմ այսօր մղվող հիբրիդային պատերազմում պարտվելուց հետո։
Այն, որ Թուրքիայի ԱԳ նախարարի
հայտարարությունը խեղաթյուրված է տիրաժավորում ընդդիմադիր քարոզչամեքենան՝ արձանագրել
ու գնահատական է տվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում. «Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտգործնախարարին և
բոլոր այն տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են ՀՀ հանրության մեծամասնության
խաղաղության գնալու, առևտուր անելու, TRIPP-ի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու
կոչերին»։ Սակայն հիբրիդային պատերազմի մարտիկների «կրեատիվը»
կարողացել է նրա մեկնաբանության մի հատված կտրել կոնտեքստից, դնել որպես նյութի
վերնագիր՝ փորձելով այն մատուցել
որպես Ֆիդանի «աջակցությունը» փաստող
ապացույց։ Ահա այսպես. «Ալեն Սիմոնյանն
էլ շնորհակալություն հայտնեց Ֆիդանին»։
«Իրազեկ
քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, նկատենք, արձագանքելով «ֆիդանյան» սրացմանը, Ֆեյսբուքի իր էջում մասնավորապես
գրել է. «Թուրքիայի ԱԳ նախարար
Հաքան Ֆիդանը չի ասել, որ Հայաստանի ընտրություններում աջակցում է Նիկոլ
Փաշինյանին (որքան ուզում եք՝ գոռացեք, էդ մարդը տենց բան չի ասել)։ Բայց ես
կուզենամ առիթն օգտագործեմ և քաղաքական գործիչներին մի բան բացատրեմ։ Հայաստանի
հասարակության կողմից թշնամաբար ընկալվող երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները
եթե հրապարակային աջակցեն այս կամ այն ուժին/անձին, դա դեռ չի նշանակում, որ
ուզում են, որ ինքը ընտրվի, քանի որ, միգուցե, հատուկ են անում, որ ռեյտինգը
ընկնի։
Օրինակ՝
եթե վաղը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրապարակային ասի, որ աջակցում է, ասենք, «Մեր
Ձևով»-ին կամ Քոչարյանին, դա ինձ շատ կզարմացնի, քանի որ Լավրովը հասկանում է, որ
ուղիղ տենց բան ասելով միայն վնասելու է «Մեր Ձևով»-ին կամ Քոչարյանին»։
Сivic.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի՝
Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունն ու դրա խեղաթյուրված մատուցումը ընդդիմության
և որոշ ԶԼՄ-ների կողմից արդյոք դիտարկո՞ւմ է մեր երկրի դեմ իրականացվող հիբրիդային
պատերազմի, ապատեղեկատվական արշավի համատեքստում՝ Իոաննիսյանը պատասխանեց․ «Ապատեղեկատվական արշավները տարբեր են լինում, լինում են դրվագային, լինում են
նաև ավելի լայն գործողությունների կոնտեքստում։ Այս պարագայում ես հակված եմ համարելու,
որ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ։ Սա ոչ թե սովորական մանիպուլյացիա է՝ իշխանությանը
քննադատելու համար, ինչպիսիք հաճախ լինում են շատ երկրներում, այլ ավելի շատ հենց ռուսական
նարատիվների պաշտպանության համատեքստում կատարվող գործողություն, քանի որ մեծ հաշվով
ռուսական նարատիվներն են թմբկահարում, որ Հայաստանի երկընտրանքը կամ ՌԴ-ի, կամ Թուրքիայի
վասալը լինելն է։ Իրենք փորձում են ամեն կերպ տպավորություն ստեղծել, որ Հայաստանը
այսպիսի երկընտրանքի առջև է կանգնած, և այս ապատեղեկատվությունը հենց այդ նարատիվը
կեղծ փաստերով հիմնավորելուն է ուղղված»։ Իոաննիսյանը Ֆիդանի հայտարարության խեղաթյուրված
մատուցումն ու տիրաժավորումը դիտարկում է ՌԴ-ի կողմից ընդդեմ ՀՀ-ի իրականացվող «հիբրիդային
գործողությունների կոմպոնենտներից մեկը»։ «Այդ գնահատականը տալու համար ես հիմք եմ վերցնում
նաև բովանդակությունը։ Եթե ինչ-որ մեկը տարածեր ապատեղեկատվություն, թե, օրինակ, ԱԳ
նախարար Արարատ Միրզոյանը, ասենք, նորածին է սպանել, կամ, ասենք, ընդդիմադիր Գեղամ
Մանուկյանը մի ուրիշ հանցագործություն է կատարել (բնականաբար՝ սուտ), դա կլիներ ուղղակի
ապատեղեկատվություն։ Բայց քանի որ բովանդակային առումով այս հայտարարությունը ընդհանուր
ռուսական նարատիվի հետ համընկնում է, այն նարատիվի, որ ՀՀ-ն երկընտրանք է կատարում՝
փորձում է ռուսական վասալից դառնալ թուրքական, ահա այս նարատիվի սահմաններում է այս
ապատեղեկատվությունը։ Դրա համար սա ավելի մեծ գործողության կոմպոնենտ է»։ Դանիել Իոաննիսյանին
հարցրինք՝ ի՞նչ խորհուրդ կտա ինֆորմացիա սպառող հասարակությանը, ինչպե՞ս ֆիլտրել տեղեկատվությունը,
զատել կեղծիքն ու ճշմարտությունը։ «Առաջարկում եմ ցանկացած ինֆորմացիայի ծանոթանալուց
հետո չշտապել եզրահանգումներ անել, մի քիչ սպասել, միգուցե այդ ինֆորմացիան փաստորեն
հերքվում է, գուցե այդ տեղեկատվությունը կոնտեքստից կտրված է, գուցե ինչ-որ մեկի խոսքը
սխալ է թարգմանված։ Նորից կրկնեմ՝ չշտապել եզրակացություններ անելիս»։
Ի դեպ, ինչ վերաբերում է այս կամ այն արտաքին կենտրոնի կամ երկրի՝
ՀՀ իշխանությանը աջակցելուն, ապա Ֆիդանի հայտարարությունից հոգեխանգարմունքի մեջ ընկածներին
հիշեցնենք իրենց սիրելի ՌԴ Պետդումայի պատգամավոր, Կրեմլի ագիտպրոպի կարկառուն ներկայացուցիչ
Կոնստանտին Զատուլինի հայտարարությունները։ Նա, հիշեցնենք, 2021 թ. ընտրություններից
առաջ ոչ միայն իր քիթն էր խոթել ՀՀ ներքին գործերի մեջ՝ հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի
հետ զրույցում մասնավորապես ազդարարելով. «Մենք տեղյակ ենք, թե ինչ վարկանիշներ են այժմ
ներկայացվում: Տեսնում ենք, որ իրականում գործող իշխանությունը, վարչապետի պաշտոնակատար
Նիկոլ Փաշինյանը կորցնում է իր կողմնակիցներին: Ինձ թվում է, որ մարդկանց արձագանքը
համապատասխանում է առողջ բանականությանը: …Ստեղծված իրավիճակում այս դերի (ՀՀ ղեկավարի - խմբ.) համար հարմար է Ռոբերտ Քոչարյանը,
և բոլորովին հարմար չէ Նիկոլ Փաշինյանը։ Նույն՝ 2021 թ. նախընտրական շրջանում նույն
Զատուլինը մեկ այլ ԶԼՄ-ի՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ի
մասնավորի նշել էր.
«Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը
ձեռնտու է Ադրբեջանի իշխանություններին», «Ադրբեջանի ղեկավարությունը շահագրգռված է,
որ ներկայիս վարչապետը վերընտրվի»։ Ինչպես
ասում են՝ գտեք 10 տարբերություն Ֆիդանի հայտարարության վերաբերյալ արձագանքների ու
ռուսական նարատիվների զատուլինյան մեկնաբանման մեջ։
Ի դեպ, Նարեկ Կարապետյանի, նրա հորեղբոր ու ռուսական ազդեցությունը
կրող մյուս ընդդիմադիրների սիրելի Կոնստանտին Ֆեոդորովիչը մի ուշագրավ բացահայտում էր արել 2023-ին՝ փուռը տալով Կրեմլի կլիենտուրային . «2021-ին Հայաստանի ընդդիմությունը դիմել էր մեզ՝
խնդրելով որևէ կերպ տեսանելի կերպով աջակցել, սակայն մերժում էր ստացել»։ Մերժման պատճառը
եղել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի տակ ստորագրել է ՀՀ ղեկավարը։
Հեղինե Մանուկյան