Եկեղեցու բարենորոգման խորհուրդը կոչ է անում չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը։
Խորհրդի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնից եպիսկոպոսներին «հրավեր» է ուղարկվել՝ մասնակցելու 2026թ․ փետրվար 16-19-ին Ասվտրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում գումարվելիք Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին։ Նշվում է, որ ժողով հրավիրելու որոշումը կայացվել է տարվույս հունվար 13-ին գումարված Գերագույն հոգևոր խորհրդի կողմից։ Եպիսկոպոսաց ժողովին նախատեսվում է քննել Հայ Եկեղեցու շուրջ «վերջին զարգացումները» և «ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»։
Այս խնդրահարույց գրությանն ի պատասխան հայտնում ենք․
Վերոնշյալ պատճառներով և առանց բավարար նախապատրաստության, հիմնավորված չէ, անկարելի է նման ժողովի գումարումը։ Այսպիսի իրավիճակում կայացվող ապակառուցողական ժողովի կողմից առնվելիք կանխակալ որոշումները կանոնական չեն և չեն կարող լինել ընդունելի։ Առավել ևս, որ նման իրավիճակում Բարենորոգման համակարգող խորհրդի բարձրաստիճան հոգևորականներից որևէ մեկը չի մասնակցելու Ավստրիայում նախատեսված ժողովին։
Ուստի խորհրդի կողմից ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ․
ա․ չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու՝ երկպառակություն սերմանող այս որոշումը,
բ․ իրատեսական ճանապարհներ գտնել վերջ տալու կործանարար առճակատմանը եկեղեցու վերնախավի և պետության միջև,
գ․ համատեղելու բոլոր ուժերն ու կարողությունները Հայ Եկեղեցու վաղուց սպասված բարենորոգումը կյանքի կոչելու համար,
դ․ բոլոր եպիսկոպոս հայրերին՝ հրաժարվել մասնակցել այս արկածախնդրությանը, որը խախտում է թե՛ Սբ․ Էջմիածնի նվիրապետության դարավոր ավանդությունը և թե՛ անսասան միաբանության սրբազան ուխտը,
ե․ չտրվել բարոյահոգեբանական ճնշումների, չենթարկվել Մայր Աթոռի վերնախավում դեռևս գործող ապազգային, օտար ուժերին ծառայող, Հայ Եկեղեցին պառակտող և հակապետական խմբակի սադրանքներին,
զ․ հետևել դարերի ընթացքում հաստատված կանոնական կարգին՝ հավատարիմ մնալով Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու առաքելությանը և ճշմարտության ու լույսի որդիները լինելու Հիսուս Քրիստոսի պատգամին։
Այս ամենի պատճառն առանց հստակ կանոնադրության, կանոնական սկզբունքներից դուրս միահեծան և սխալ կառավարման, տևապես բարեփոխումներից հրաժարվելու և ճշմարտության ձայները լռեցնելու արդյունք է։ Այլ տեղ մեղավորներ մի՛ փնտրեք։
«Եվ Իմ անվան համար բոլորից պիտի ատվեք, բայց ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի» Մարկոս ԺԳ։13