Կտրիճի համար Լուսավորչի գահը գնած անձը, ամենևին ոչ պատահական, կրում է ՍԻՄՈՆ անունը, սա այն դեպքն է, երբ Սիմոնը նաև սիմոնական է․ Խորեն վարդապետ Հովհաննիսյան

Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Գերաշնորհ սրբազան հայրե՛ր,


նորություն չէ ձեզ համար այն, որ 2001 թ.-ին Կտրիճ Ներսիսյանն իր անպատկառությամբ հանդգնություն ունեցավ Մայր Տաճարի գլխավոր մուտքի վերին հատվածում փորագրել և զետեղել իր և իր հոմանուհու՝ ԼՈւԻԶ ՍԻՄՈՆ-ի անունը՝ վերջինիս արժանացնելով Մայր Տաճարի վերանորոգման և բարվոք պահպանման «Հավետ Բարերար» տիտղոսին: Ըստ սույն արձանագրության՝ Տիկին Լ. Սիմոնի ստեղծած հիմնադրամը ԱՌՀԱՎԵՏ պիտի հոգար Մայր Տաճարի վերանորոգությունը: Որոշ ժամանակ անց, երբ Մայր Տաճարի վերանորոգությունն անհրաժեշտություն դարձավ, Լուիզ Սիմոնի հիմնադրամը օգնության չհասավ: Սրբազան հայրե՜ր, դուք այս անամոթ ստի ու կեղծիքի վկան եք եղել: Ավելի քան տասը տարի Կտրիճ Ներսիսյանը ձեզ պարտադրում էր գումար հայթայթել վերանորոգման համար: Ձեր և անհատ բարերարների շնորհիվ անհաշիվ գումարներ հոսեցին Մայր Աթոռ: Ուստի, ամբողջությամբ արդարացված կլինի, որ հաջորդ Հայրապետը հեռացնի այդ կեղծ ու ամոթալի արձանագրությունը Մայր Տաճարից:


Գրիգորի որդի Կտրիճի համար Լուսավորչի գահը գնած անձը, ամենևին ոչ պատահական, կրում է ՍԻՄՈՆ անունը, սա այն դեպքն է, երբ Սիմոնը նաև սիմոնական է: ՍԻՄՈՆԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ կաշառքի ու կոռուպցիայի եկեղեցական-աստվածաբանական տերմինն է: Հիմքը` Գործք Առաքելոց, 8:9-24-ի, ըստ որի Սիմոն կախարդը փորձում էր գումարով Սուրբ Հոգու շնորհ գնել:


Սրբազան հայրե՛ր, եկեղեցու իշխաննե՛ր, երբ օրվա կաթողիկոսը գործեց այս հրեշավոր պղծությունը` փորագրելով իր և Լուիզ Սիմոնի անունը Մայր Տաճարի վրա, դուք անտարբեր, կրավորական ու վախկոտ գտնվեցիք, ծպտուն չհանեցիք: Զավեշտն այն է, որ Մայր Տաճարի վրա փորագրված չէ անգամ Հայոց Արշակունի Արքա Սուրբ Տրդատ Գ-ի անունը, որի հրովարտակով Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվեց: Այդ օրերի ձեր կեցվածքը չեմ արդարացնում, բայց հասկանում եմ ձեր ապրումներն ու սանձարձակ բռնակալի մշտամնա ճնշումների ներքո լուռ մնալը: Այսօր ձեզ պատմական և բացառիկ առիթ է ընձեռված քայլ անելու և հանրահռչակելու առ Աստված և հայոց բանավոր հոտին, որ դուք հրաժարվում եք ՍԻՄՈՆԱԿԱՆ-ի հետևորդ լինելուց և լծվում եք մեր Սուրբ եկեղեցու վերանորոգման ու Հայաստանի Հանրապետության շենացման գործին:


Աստված օգնական: