«Պետական պաշտոնյաների աշխատավարձը, մեծ հաշվով, վերջին 5-6 տարիներին չի փոխվել: Քննարկում եղել է 1-2 տարի առաջ այն մասին, որ ինչ-որ բան է պետք անել, որովհետև ակնհայտ է, որ կան խնդիրներ՝ կապված այն բանի հետ, որ որակյալ մասնագետներ, մեծ հաջողություն ունեցող մարդիկ, որոնք մասնավոր հատվածում ստանում են բավականին բարձր աշխատավարձեր, իրենց ներգրավելը պետական համակարգ տարբեր պատճառներով այդքան էլ հեշտ չէ, և այդ պատճառներից մեկը նաև այդ աշխատավարձերի մակարդակն է»:
Այս մասին 2025-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով պետական պաշտոնյաների պարգևավճարներին:
Նա նշել է, թե թեմայի շրջանակում քննարկումների ժամանակ իր դիրքորոշումն այն է եղել, որ ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների կամ ղեկավար անձնակազմի աշխատավարձն այնքան էլ ճիշտ չէ, և պետք է ներդնել մի համակարգ, որպեսզի առնվազն հնարավոր լինի որոշակի թիրախներ դնել և այդ թիրախների գնահատման արդյունքով անել աշխատավարձի բարձրացում:
Ըստ նրա՝ այդ բարձրացումը պետք է լինի ոչ բոլորի համար նույն ձևով, այսինքն՝ ովքեր կունենան ավելի լավ կատարողական, նրանք կստանան մի փոքր ավելի բարձր աշխատավարձ, մյուսների համար՝ մի փոքր պակաս: