Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թ. ապրիլի 5-ին ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ծրագիրը նպատակ ունի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծել աղբահանության ինտեգրված համակարգ: Ծրագրի շրջանակում ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև 2016 թ. ապրիլի 5-ին կնքվել է 5,500,000 եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր, իսկ 2017 թ. հունիսի 30-ին երկու դրամաշնորհային համաձայնագրեր՝ ԵՄ Հարևանության ներդրումային հարթակի (3,500,000 եվրո) և E5P տարածաշրջանային հիմնադրամի (2,000,000 եվրո) աջակցությամբ: Վերոնշյալ վարկային համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ երկու մարզերի նախկին 12 քաղաքային համայնքների կողմից ստեղծվել է նաև «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ:
Նշված 12 հիմնադիր քաղաքային համայնքները ՎԶԵԲ-ի հետ կնքել են նաև ծրագրի իրականացման աջակցության համաձայնագիր: Հավանություն է տրվել նաև ՀՀ, «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2017 թ. հունիսի 30-ին ստորագրված դրամաշնորհային համաձայնագրում (Եվրոպական միության ներդրումային դրամաշնորհ) փոփոխություն կատարելու մասին և ՀՀ, «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2017 թ. հունիսի 30-ին ստորագրված (Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության տարածաշրջանային հիմնադրամից ներդրումային դրամաշնորհ) դրամաշնորհային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին: