Եթե ոչ Սերժ Սարգսյանի «ժիլետի թևը», ապա ո՞վ. այս է խնդիրը

Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի՝ հայտնի որպես «Տաշիր Սամո», «ձևիստ խմբակը»՝  «Ուժեղ Հայաստան» անունով, ապրել է իր առաջին ուժեղ ցնցումը։  Վարչապետացուի հարցով։ Մամուլն է վկայում։ Պոտենցիալ վարչապետացուն, որը, ինչպես հանրապետության թիվ «մեկ ձևիստ» Նարեկ Կարապետյանն էր բնութագրել,  «կլինի ընդունելի թեկնածու, և շատերը կհավանեն», փաստի առաջ է կանգնեցրել իր վրա հույս դրածներին։ Խոսքը նախկին վարչապետ, ապաև՝ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի մասին է։  Վերջինս, ըստ մամուլի, միտումնավոր տևական ժամանակ բացակայել է Հայաստանից՝  խախտելով 6 ամիս ռեզիդենտ լինելու՝ Հայաստանում ապրելու ցենզը, և ըստ օրենքի՝ չի կարող լինել վարչապետի թեկնածու:

 

Ընդ որում, Կարեն Կարապետյանը տևական ժամանակ պահպանել է հիշյալ ցենզը, սակայն վերջերս միտումնավոր խախտել է, որպեսզի անհաղթահարելի խոչընդոտ ձևավորի և անհնարին դարձնի իր առաջադրումը:  «Լավ հասկանալով, որ շանս չունի, այս կերպ Կարեն Կարապետյանը խուսափել է Տաշիր Սամոյի վարչապետացուն դառնալուց»,- գրում է մամուլը։



Ինչն է ուշագրավ՝ մի կողմից Սամվել Կարապետյանի խմբակի ներկայացուցիչները աղաղակում են, թե չեն պատրաստվում գործակցել նախկին իշխանությունների, այն է՝ նախկին նախագահների ու նրանց թիմերի հետ, փորձելով չնույնացվել վատ համբավ ունեցող այդ սուբյեկտների հետ, մյուս կողմից էլ, փաստորեն, որպես վարչապետացու դիտարկվում էր նախկինների կարկառուն ներկայացուցը։ Մեկը, որին, ի դեպ, ՀՀ քաղաքացին նույնքան ջերմեռանդորեն մերժել է 2018-ին՝ Սերժ Սարգսյանի հետ տուն ուղարկելով նաեւ վերջինիս  «ժիլետի թևին»։  

Փաստորեն, «ժիլետի թևը», ներողություն՝ Սերժ Սարգսյանի մոտ վարչապետ աշխատած Կարեն Կարապետյանն ավելի խոհուն ու հեռատես է գտնվել, քան իր վրա քաղաքական «ստավկա» արած խմբակը։ Այն աստիճան հեռատես, որ որոշել է չդիմել արկածախնդրության՝ համաձայնելով դառնալ այս անգամ էլ Սամվել Կարապետյանի «ժիլետի թևը»՝ վերապրելով 2018-ի խայտառակությունը։ «Մերժիր Սերժի Կարենին»՝ հիշո՞ւմ եք։


 

Թե ով է այսքանից հետո, «էս նեղ սհաթին» լինելու «Ուժեղ Հայաստանի» վարչապետացուն՝ կարելի է միայն ենթադրել։ Ըստ ամենայնի՝ մեկ այլ Կարեն Կարապետյան՝  Սամվել Կարապետյանի եղբայրը, որը համատեղության կարգով նաև Նարեկ Կարապետյանի հայրն է, և որը նաև եղել է Սերժ Սարգսյանի թիմի կարկառուններից մեկը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարից մինչեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ: Ի դեպ, Կարեն Կարապետյանը հանրության հիշողության մեջ անմահացել է իր «ֆիրմեննի» բառով՝ «համբալ», որով նա կոչել էր Սերժ Սարգսյանի՝ նախագահական նստավայրի դիմաց հավաքված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից մեկին: Եւ ուրեմն, եթե ոչ «ժիլետի թևը», ապա գուցե իր ապագա ընտրողներից մեկին ժամանակին «համբալ» անվանա՞ծը դառնա «ուժեղ ձեւիստների» վարչապետացուն։ Քիչ է մնացել պարզելու, կապրենք, կտեսնենք։       



Համաձայն ենք, մի տեսակ գլխապտույտ առաջացավ այս կարենկարապետյանական «կարուսելից»։  Բայց դե ինչ արած, «ձևիստները» ոնց պտտվում՝ մեկ է, ձև չկա, նորից դուրս են գալիս սեփական հետքի վրա։