Նարեկ Կարապետյանը խոստացավ պրոֆեսիոնալ թիմով մրցակցություն և երկու օր առաջ բեմ բարձրացրեց Հրանտ Բագրատյանին․ Մարիա Կարապետյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Նարեկ Կարապետյանը մեզ տևական ժամանակ խոստացավ պրոֆեսիոնալ թիմով մրցակցություն և երկու օր առաջ բեմ բարձրացրեց Հրանտ Բագրատյանին։


Սուղ են ընդդիմության մարդկային ռեսուրսները։ Չէ՞ որ եթե տնտեսագետ, ապա Հրանտ Բագրատյան, ում աշխարհայացքը ամփոփված է իր հետևյալ մտքի մեջ. «Ռուսաստանը արդեն հասկանում է, ինչպես ժամանակին Լենին էր հասկացել, որ հայերը ապերախտ ժողովուրդ են»։ Գուցե պարոն Բագրատյանը լավ հաշվել գիտի, բայց հաստատ չգիտի, թե հօգուտ ում հաշվի։


Սուղ են ընդդիմության ռեսուրսները՝ իբրև թե տարբեր ճակատներով հանդես գալու համար։ Չէ՞ որ եթե իրավաբան, ապա Արամ Վարդևանյան, ով վերջերս ընթերցում էր Սամվել Կարապետյանի ուղերձը կալանավայրից. «Մեր երկրում դժվար է այլևս գտնել սթափ մի ընտրողի, ով որոշակի հույսեր է կապում Հայաստանի լավ ապագայի հետ և այդ կապակցությամբ չի հիշատակում մեր շարժումը»։ Գուցե պարոն Վարդևանյանը իր վստահորդին հայտնե՞ր, որ այդ դատողությունը սթափ չէ, թե՞ այդ ինքն է նման բան զեկուցել իր վստահորդին։


Այս պրոֆեսիոնալներից հետ չի մնում նաև անձամբ Նարեկ Կարապետյանը, ով, ողջունելով այս տարի մեկնարկած առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, ասաց. «Մեր ներկայությամբ, մեր լինելով նրանք այդ լավ քայլը արեցին, որը չէին անում ութ տարի։ Այ արդեն իսկ դեռ հնարավորություն չստացած, դեռ հասարակության կողմից երկրի իշխանությունը փոխելու մանդատ չստանալով, մենք մղել ենք այսօրվա իշխանությանը այդպիսի կարևոր քայլ անել։» Պատկերացնո՞ւմ եք, եթե մանդատ ստանան, ինչե՜ր են անելու։ Տաս դրամով։