Կառավարության անդամների ու պատգամավորների տարեվերջյան պարգևավճարների թեման ծանր է նստել ընդդիմության սրտին։ Եվ ոչ միայն սրտին։ Այն աստիճան ծանր, որ կարծես իրենք «վալանտյորական» առաքելությամբ են զբաղվում՝ ձրի, անվարձ են աշխատում՝ «ծառայելով» իրենց ձայն տված քաղաքացիներին (թոբա՝ ծառայելով)։ Ի դեպ, սա այն ընդդիմությունն է, որի առաջնորդները, ինչպես կասեր դասականը՝ Հայաստան են եկել «մի տակ սառոչկայով, ջոնջոլ սվիտերով ու ծակ բոթասներով», ու այսօր պատասխանողի կարգավիճակում կանգնել են Հակակոռուպցիոն դատարանի առաջ, որտեղ պետք է ապացուցեն՝ իրենց անունով գրանցված հարյուրավոր գույքերը, սարքն ու կայքը, դիզած միլիոններն ու ապարանքները հալալ քրտինքո՞վ են վաստակել, չոր աշխատավարձո՞վ, թե՞, այնուամենայնիվ, պետությունը կեղեքելով, այդ թվում՝ ծրարներով կամ գուցե ճամպրուկներով փոխանցված «լևի» փողերով։
Հա, ի դեպ, «ծրարով փող» ստանալու թեման Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ
նորից վերաթարմացվեց պարգևավճարների համատեքստում և ՀՀ վարչապետի այս «հիմնավորմամբ»՝ «կոնկրետ մարդիկ կան՝ փաստագրված,
որ Միշիկից ծրարով փող են ստացել ժամանակին, հիմա էլ նստած են էստեղ՝ դահլիճում»։ Եվ
որ. «Մենք մեր սեփական Միշիկը չունենք և չենք ունենալու, որ
մտնի պաշտոնյաներին ծրարով փող տա»։
Բնականաբար, ԱԺ նիստերի դահլիճում ներկա ընդդիմադիր պատգամավորները «խաչակնքեցին»,
թե՝ չեն ստացել որևէ ծրար, այն էլ՝ ոմն Միշիկից։
Ի դեպ, նման ծրարներով սեփական թիմին, նաև՝ յուրային ԶԼՄ-ների խմբագիրներին ու
լրագրողներին «տակից» պարգևատրելու ավանդույթների մասին խոսվել է մշտապես։ Հենց այն
օրերին, երբ, ինչպես ասում են, «մեխն էլ էր Սերժ Սարգսյանի ձեռքը, չագուճն» էլ։ Այդ
ենթադրյալ ծրարների գոյության մասին ակամա իմացանք այն ժամանակ, երբ ՊԵԿ-ը մանրամասներ հաղորդեց Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին, այդ
շրջանում անհայտ երկրի խոհանոցից կառավարող ուժի տարբեր ներկայացուցիչների «մութ գործարքների» մասին «բացահայտումներ» անող
Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործի մասին։ Ըստ ՊԵԿ-ի՝ «Միքայել Մինասյանի և
նրա մերձավորների տիրապետության տակ գտնված ֆինանսական միջոցների մասին հայտնաբերված
տեղեկատվությունը աննախադեպ է Երրորդ հանրապետության պատմության իրավապահ համակարգի
պատմության համար»։ ՊԵԿ-ի հաղորդագրությունից հետո «Իմ քայլը» խմբակցության
պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որի վերաբերյալ նույնպես Մինասյանը «բացահայտումներ»
էր արել, ֆեյսբուքում գրել էր՝ խուզարկություններից մեկի ժամանակ գտնվել է Մինասյանի
հին համակարգիչը, որից հնարավոր է եղել վերականգնել ջնջված 9000 ֆայլերը։ Ըստ պատգամավորի՝
դրանցում եղել է տեղեկություն այն մասին, թե «Մինասյանը ում ինչքան փող է տվել, ումից
ինչքան փող է ստացել, ումից ինչ ու ինչպես է խլել, ընտրությունների արդյունքները ինչպես
է կեղծել, ում միջոցով, ինչ հնարքներով, ում ոնց է առել»։
«Ազատության» հարցին՝
որտեղի՞ց պատգամավորին նախաքննական տվյալներ, Հակոբյանը պատասխանել էր. «Ես չեմ մանրամասնի՝ որտեղից ինձ տվյալները,
իսկ այդ տվյալների հրապարակման հետ կապված ավելացնելու ոչինչ չունեմ, այնտեղ շատ
պարզ, հստակ ամեն ինչ գրված է: Միանշանակ պնդում եմ, որ դրանք հավաստի, ստուգված
փաստեր են»:
Հիշեցնենք, որ երկրի ղեկավարին գործարարների կողմից ճամպրուկներով գումար տանելու՝ նախկին ռեժիմի օրոք գործած «ավանդույթի» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարելէր 2018-ին, վարչապետ դառնալուց կարճ ժամանակ անց։ «Շատերն ասում են՝ գործարարները, որոնց վրա հարկային տուգանքներ են դրվել, նրանք ենթարկվում են հետապնդումների: Ոչ ոք չի ասում, որ գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է և ասել է՝ հարգելի գործարարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի՞ անգամ, ի՞նչ չափի ճամպրուկներով, ի՞նչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդ տեսակի պարտականություններից»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Փաշինյանը՝ հավելելով. «Ես հարցրել եմ՝ եղե՞լ է այսպիսի մեխանիզմ, և իրենք ասել են՝ եղել է: Ես ասել եմ՝ դուք ազատված եք այդ մեխանիզմից: Ոչ ոք չի ասում, որ գործող կառավարությունը այդ նույն հետապնդվող գործարարներին ճամպրուկներով փողեր է նվիրել: Փաստացի: Այսինքն՝ եթե նրանք ազատված են այդ փողերը ինձ բերելու պարտավորությունից, նշանակում է ես նվիրել եմ այդ փողերը իրենց»։
Ենթադրում ենք, որ Բաղրամյան 26 տարված այդ ճամպրուկների պարունակությունից էլ կատարվել
է ծրարներով փողաբաշխումը՝ «Ոսկե հորթը» վեպի հերոսի «շռայլ» մասհանումներով՝ «էս
ինձ, էս ձեզ, էս ինձ, էս ինձ, ինձ, ինձ, ինձ․․․ էս էլ ձեզ»։
Հ. Մ.