Խաղաղության ճանապարհը հեշտ չի լինելու, բայց պետք է շարունակենք այն․ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և մասնակցել հանդիսավոր նիստին։


Իր խոսքում վարչապետն անդրադարձել է ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել այդ գործընթացի կարևորությունը փոփոխվող աշխարհում. «Երբ մենք փոփոխվող աշխարհում չենք փոխվում, դուրս ենք մնում աշխարհից, և դա, ցավոք այն է, ինչ մեր պատմության ընթացքում մի քանի անգամ մեզ հետ տեղի է ունեցել, և մենք որոշել ենք փոխել այդ գործելակերպը»:


Նիկոլ Փաշինյանը երկրի անվտանգության ապահովման հարցում շեշտել է բանակի դիմաց նոր անվտանգային բուֆերներ ավելացնելու անհրաժեշտությունը, որ բանակն անվտանգության ապահովման առաջին մեխանիզմը չլինի՝ «չի կարելի անվտանգության ամբողջ հոգսը դնել բանակի վրա»: «Եվ մենք այսօր շատ բարդ ճանապարհով հասել ենք դրան: Մենք ի՞նչ շարակարգեր ենք դրել բանակի դիմաց: Առաջին շարակարգը լեգիտիմությունն է։ Սա շատ կարևոր հանգամանք է, միջազգային լեգիտիմությունը: Երբ պետությունը և բանակն իր խնդրով հենված է միջազգային լեգիտիմության վրա՝ դա ուրիշ վիճակ է, երբ բանակը հիմնված չէ միջազգային լեգիտիմության վրա՝ դա բոլորովին այլ վիճակ է»,- շեշտել է վարչապետը։


Ըստ երկրի ղեկավարի՝ հաջորդ շարակարգը փոխկապվածությունն է, որով պետք է ապահովվի արտաքին անվտանգությունը: «Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների այնպիսի մի միջավայր, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որի անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնա բազմաթիվ այլ, այդ թվում՝ հարևան երկրների և գերտերությունների համար։ Եվ ընդհակառակը, որի անկայունությունը՝ որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի և միջազգային հանրության կողմից։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրանից բխող TRRIP նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, նման հնարավորություն են ստեղծում մեր երկրի համար և մենք հենվում ենք ու հենվելու ենք ռազմավարական այս ընկալման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա անվտանգության երաշխիք է:


Վարչապետը նշել է, որ հաջորդ շարակարգը երկարաժամկետ կանխատեսելիությունն է, որը պետք է լրջորեն գնահատել: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց սրա համար է և սրա մասին է. «Մենք ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը 29 743 քառակուսի կիլոմետր տարածք է, և այդ տարածքը պետություն է, որի խնդիրն իր քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունն ապահովելն է իր միջազգայնորեն ճանաչված տարածքում»։


Եվ անվտանգության ամենակարևոր շարակարգը, ըստ երկրի ղեկավարի՝ խաղաղությունն է. «Չկա ավելի հուսալի երաշխիք, քան խաղաղությունը։ Եվ մենք այսօր դժվար, ծանր որոշումներով կառուցում ենք խաղաղություն։ Խաղաղության ճանապարհը հեշտ չի լինելու, բայց մենք պետք է շարունակենք այդ ճանապարհը: Եվ նաև այստեղ կարևոր է բանակի և Զինված ուժերի շատ սկզբունքային դիրքորոշումը, որ ինքը կենտրոնացած է իր աշխատանքի վրա: Սա շատ կարևոր բան է, որովհետև անկախ խաղաղությունից, անկախ՝ ինչպիսի, ինչքան հուսալի կլինի խաղաղությունը, մենք պետք է ունենանք ուժեղ և պաշտպանունակ բանակ, որովհետև ցանկացած երկիր, ով չունի ուժեղ և պաշտպանունակ բանակ, ինքը գայթակղություն է բոլորի համար: Եվ հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության առաջնային օրակարգում միշտ պետք է լինի ուժեղ և պաշտպանունակ բանակի գոյությունը, բանակի շարունակական զարգացումը՝ այն սկզբունքների շրջանակներում և հիման վրա, որոնք ես նշեցի»։


Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս շնորհավորել է ԶՈւ–երի 34-րդ տարեդարձի առիթով և շնորհակալություն հայտնել բոլորին՝ կատարած ահռելի աշխատանքի համար. «Ուզում եմ իմ գոհունակությունն արտահայտել այն իրավիճակով, որը մենք ունենք այսօր Հայաստանի Հանրապետության բանակում, ոչ թե այն պատճառով, որ մենք հասել ենք մեր ուզած կետին, այլ այն պատճառով, որ միանշանակ և աներկբա գնում ենք ճիշտ ճանապարհով: Վերջին տարիներին, շատ ուղղություններով, պետք է ուղիղ ասել, պարզապես անհնարինն է արվել, անհնարը դարձել է իրականություն, և սա չափազանց կարևոր ձեռքբերում է»։