Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշել է հիշեցնել իր մասին՝ ասուլիսի տաղավարում հանդիպելով յուրային լրատվամիջոցներին, որոնց մեջ, ինչպես պարզվեց հերթական անգամ, Civic.am-ը բացակայում է։ Մեր լրատվամիջոցը Քոչարյանի հերթական ասուլիսին չէր հրավիրվել՝ մեզ համար անհայտ պատճառներով։ Ու քանի որ ներկա չենք գտնվել ասուլիսին, ուստի հեռակա կարգով ենք հետևել նախկին նախագահի մտքի «գոհարներին», ինչու չէ՝ «մարգարիտներին», «փիրուզներին» ու «շափյուղաներին», որոնք, ինչ խոսք, իրենց արժանի տեղը կգտնեն նրա մտքի այլ արգասիքների թանգարանի ամենատեսանելի ցուցափեղկում։
Հիմա՝ ըստ էության։ Գրել-կարդալ իմացող (հուսանք՝ նաև հայերեն) Քոչարյանը, պարզվում է, չի հետևում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներին ու ուղերձներին, ինչի հետևանքով, փաստորեն, հայտնվում է անհարմար իրավիճակում, թյուրիմացության մեջ՝ դրանից բխող թյուրիմացական պատասխաններով։ Քոչարյանին թյուրիմացության մեջ գցողը ոչ դես-ոչ դեն՝ «5-րդ ալիքի» լրագրողն էր, որը Նիկոլ Փաշինյանի ելույթից ակնհայտ խեղաթյուրված մեջբերում արեց՝ աղավաղելով համատեքստը։ «5-րդ ալիք»-ի մեր գործընկերը հարցն այսպես ձևակերպեց. «Դուք ձեր բացման խոսքում ասացիք, որ ԱՄՆ-ի ռազմավարության մեջ Հարավային Կովկասը, ըստ էության, նշանակություն չունի, բայց երեկ բանակի օրվա հետ կապված Նիկոլ Փաշինյանը ասել է, որ մեր անվտանգության երաշխավորը ոչ թե բանակն է, այլ՝ ԹՐԻՓՓ-ը, այսպիսի մի ձևակերպում է տվել։ Ինչպե՞ս եք սա գնահատում․․․»։ Ընդ որում, Քոչարյանի ճշտող հարցին՝ ինչ է ասել Փաշինյանը, լրագրողը վերաձևակերպեց հարցը՝ վերստին մանիպուլացնելով լսարանին ու ասուլիս տվողին. «Մեր անվտանգության երաշխավորը ոչ թե բանակն է լինելու, այլ ԹՐԻՓՓ-ն է, և մենք, էսպես, էս նախագիծը բերելով Հայաստան անվտանգ ենք դարձնում․․․»։ «ԹՐԻՓՓ-ը մեր ամենամեծ սպառնալիքն է լինելու»,- հարցը լսելուն պես վրա բերեց երկրորդ նախագահը, որը, ակնհայտորեն, ստանձնել է ԹՐԻՓՓ ծրագիրը արժեզրկելու, խեղաթյուրված ներկայացնելու՝ համապատասխան կենտրոնից իջեցված հրահանգը։
Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, հունվարի 28-ին Զինված
ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով
պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիսավոր նիստին ունեցած իր
ելույթում մասնավորապես անդրադարձել է ՀՀ ԶՈՒ-ում տեղի ունեցած բարեփոխումներին, իր ձևակերպմամբ՝
բովանդակային փոփոխություններին և մասնավորապես շեշտել երկրի անվտանգության ապահովման
հարցում բանակի դիմաց նոր անվտանգային բուֆերներ
ավելացնելու անհրաժեշտությունը, որ բանակն անվտանգության ապահովման առաջին մեխանիզմը
չլինի: «Չի կարելի անվտանգության ամբողջ հոգսը դնել բանակի վրա,- մասնավորապես նշել
է վարչապետը՝ հավելելով:- Եվ մենք այսօր շատ բարդ ճանապարհով հասել ենք դրան:
Մենք ի՞նչ շարակարգեր ենք դրել բանակի դիմաց: Առաջին շարակարգը լեգիտիմությունն է։
Սա շատ կարևոր հանգամանք է, միջազգային լեգիտիմությունը: Երբ պետությունը և բանակն
իր խնդրով հենված են միջազգային լեգիտիմության վրա՝ դա ուրիշ վիճակ է, երբ բանակը հիմնված
չէ միջազգային լեգիտիմության վրա՝ դա բոլորովին այլ վիճակ է»,- շեշտել է վարչապետը։
Հաջորդ շարակարգը, ըստ վարչապետի, փոխկապվածությունն
է, որով պետք է ապահովվի արտաքին անվտանգությունը: «Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների
այնպիսի մի միջավայր, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի տնտեսական շրջանառության
այնքան կարևոր մաս, որի անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնան բազմաթիվ
այլ, այդ թվում՝ հարևան երկրների և գերտերությունների համար։ Եվ ընդհակառակը, որի անկայունությունը
որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի և միջազգային հանրության կողմից։ «Խաղաղության
խաչմերուկ» նախագիծը և դրանից բխող TRIPP նախագիծը, որոնց իրականացման արդյունքում
Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից
հարավ, նման հնարավորություն են ստեղծում մեր երկրի համար, և մենք հենվում ենք ու հենվելու
ենք ռազմավարական այս ընկալման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա անվտանգության
երաշխիք է:
Արդ, ելույթի այս հատվածում
որտե՞ղ տեսաք ձևակերպում կամ միտք առ այն, որ «մեր երկրի անվտանգության երաշխավորը
ոչ թե բանակն է, այլ՝ ԹՐԻՓՓ-ը»։
Ի դեպ, հատուկ Քոչարյանի ու նրան սպասարկող քարոզչամեքենայի համար,
որի գլխավոր թեզը նախքան 44-օրյան ու դրանից հետո այն է, թե՝ «այս իշխանությունը զբաղված
է բանակը քանդելով ու հեղինակազրկելով», հունվարի 28-ին բանակի կազմավորման առթիվ հղած
իր ուղերձում վարչապետը մասնավորապես նշել է․ «Բանակի զարգացումը շարունակաբար ընթանալու է, որովհետև
բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից է, և չափազանց կարևոր է ունենալ ուժեղ,
պաշտպանունակ բանակ՝ ապագայի պայմանական սպառնալիքներին դիմակայելու համար, այն դեպքերում,
երբ դիվանագիտությունն ի վիճակի չի լինի դա անել։ Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի
է և կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսին
չպիտի լինի երբեք»։
Հետևություն՝ Քոչարյանին ու նրան սպասարկող ագիտպրոպին առաջարկում
ենք նախ՝ ուշադիր ընթերցել ու լսել երկրի առաջին դեմքի ելույթներն ու հայտարարությունները,
հետո՝ ըմբռնել դրանց իմաստն ըստ էության ու համատեքստի, ինչու չէ՝ սերտել դրանք, այլապես․․․
կոնֆուզն անխուսափելի է։
Ե. Ա.