Որոշ ուժեր էյֆորիայի մեջ են․ Խաբեություն՝ քաղաքացիների նկատմամբ

Խորհրդարանական ընտրություններին դեռ կա չորս ամիս, սակայն ընդդիմադիր դաշտում արդեն ակտիվորեն քննարկում են դաշինքների ստեղծման ու տարբեր ընդդիմադիր ուժերի միավորման ամենատարբեր սցենարներ։


Դաշնակցական Արմեն Ռուստամյանը, օրինակ, չի բացառել Գյումրու սցենարի կրկնությունը, մի մասը չի բացառել «Մեր ձևով»-ի հետ համագործակցությունը և այլն։


 Այս թեմայի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Նրա խոսքով՝ Գյումրու սցենարը մեծ խաբեություն էր քաղաքացիների նկատմամբ. այն ուժերը, որոնք  ներգրավված էին այդ գործընթացում, ասում էին՝ երբեք Վարդան Ղուկասյանին ձայն չեն տա, բայց վերջնարդյունքում մենք տեսանք, որ իրենք հավաքվեցին և ձայնը տվեցին նրան, մի մարդու, որի ճիրաններից Գյումրին հազիվ էր պոկվել։


 «Հիմա նույն բանը իրենք ցանկանում են անել Հայաստանի մասշտաբով, խոստանում են ամենաանհավատալի բաներ ու մտածում են, որ հերթական անգամ կարող են  խաբել ժողովրդին, էդ պոպուլիստական հայտարարություններով ձայներ հավաքել, հետո ինչ-որ մեկին՝ լինի Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, կամ էդ թևից ինչ-որ մեկը, բերեն իշխանության։ Էս ա Գյումրիի տարբերակի իրենց երազանքը, բայց դրանով հանդերձ՝ մենք պետք է հիշենք, որ Գյումրիից հետո եղել է Վաղարշապատ, որտեղ էդ սցենարը չի աշխատել»,- ասաց քաղաքագետը։


 Այսօր Ռոբերտ Քոչարյանն ասուլիս է տվել, որի ժամանակ հայտարարել է, որ բացառիկ իրավիճակ է, ընդդիմության համար կա բավականին լայն դաշտ թեզերի սինխրոնացման, և հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ, քանի որ ֆունդամենտալ հարցերի շուրջ կարծիքը նույնական է։


Էդգար Առաքելյանը կարծում է, որ ֆունդամենտալ հարցի շուրջ իրենց կարծիքը մեկն է՝ իրենք ուզում են վերջնականապես խաչ քաշել Հայաստանի պետականության վրա, Հայաստանը դարձնել գուբերնիա, ու ֆունդամենտալ այդ հարցում, այո, իրենք ընդհանուր են՝ թե՛ քոչարյանական թևը, թե՛ սարգսյանական թևը, թե՛ կարապետյաններրի թևը։  


 «Այս երեք ուժերը և էլի որոշ ուժեր, այո, այդ հարցում ընդհանրական են, ՀՀ պետականության ոչնչացման հարցում իրենք ունեն ընդհանուր տեսակետ, կարծիք, տեսլական, քանի որ բոլորի թելերը ոչ միայն անտեսանելի, այլ նաև տեսանելի թելերը տանում են դեպի Ռուսաստան։ Եվ մեծ առումով իրենք ինչ դաշինք էլ կնքեն, եթե այդ դաշինքը հանդես է գալու Քոչարյանի կամ նրա մերձավոր շրջապատի դեմքերով, Սարգսյանի կամ նրա մերձավոր շրջապատի դեմքերով, կամ Կարապետյանի մերձավոր շրջապատի դեմքերով, ապա ցավակցում եմ  իրենց»,- նշեց քաղաքագետը։


Անդրադառնանք նաև «Մեր ձևով»-ին միանալու ցանկություն հայտնածների հայտարարություններին։ Այս պարագայում եթե ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությունը զարմանալի չէր, ապա ՀԱԿ փոխնախագահի հայտարարությունն առնվազն տարակուսելի է, հատկապես, երբ հիշում ենք, թե ով արգելակեց մոտ մեկ տասնամյակ առաջ Գագիկ Ծառուկյանի և Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնած բուրժուադեմոկրատական հեղափոխության փորձը։


 «Դաշտում հայտնվել է նոր, հարուստ խաղացող, ու ես կարծում եմ՝ դա  երևի իրենց աստեղային ժամն է՝ ֆինանսական տեսանկյունից։ Ընդհանրապես, ՀԱԿ-ը ու իր առաջնորդը հասարակությանը փուռը տալու մեծ վարպետ են։ Մենք հիշում ենք, թե մարտի 1-ին ինչ տեղի ունեցավ. ՀԱԿ առաջնորդը որտեղ հանգրվանեց, ժողովուրդը մնաց փողոցում։ Մենք հիշում ենք Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը, երբ բուրժուադեմոկրատական հեղափոխության կոչերի ներքո ոգևորեցին Գագիկ Ծառուկյանին, հանեցին փողոց, հետո այն ամենը, ինչ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի հետ. հաջորդ օրը Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ գրեց Սերժ Սարգսյանին՝ խնդրելով հանդիպում։ Ու ես կարծում եմ՝ այդ աստեղային ժամի հերթը Սամվել Կարապետյանինն է, և այստեղ էլ ես համոզված եմ, որ նման ոգևորության ներքո կամ հերթական բուրժուադեմոկրատական հեղափոխության կոչերի ներքո մենք ականատես կլինենք հերթական օլիգարխի՝ նախորդների ճակատագրի կրկնությանը»,- հավելեց քաղաքագետը։


Ու թեև նախորդ ընտրություններին շեմը չհաղթահարած ուժերը ցանկանում են համագործակցել «Մեր ձևով»-ի հետ, սակայն «Մեր ձևով»-ի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ այս պահին «Մեր ձևով» շարժումը ընտրություններին մենակ մասնակցելու հայտ է ներկայացրել։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան