Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սառը ջուր է լցրել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնությունների վրա՝ գուժելով առաջիկա ԱԺ ընտրություններին ընդդիմության միասնական ճակատով հանդես գալու անհնարինության մասին։ Այդ Քոչարյանն է, նկատենք, ծրագրում իրագործել 2021-ին չիրականացած իր փափագը՝ իշխանազրկել Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ թե միայնակ, քանի որ ուժերը չեն ներում, այլ՝ ընդդիմադիր միասնական ճակատ ձևավորելով։ Թե քաղաքական ո՞ր ուժերը ռիսկի կդիմեն ու կորոշեն այս անգամ էլ «շամպայն» խմել Քոչարյանի հետ, և արդյոք այդ ուժերը կլինեն թվով ավելի՞ն, քան 2021-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ձևավորված «Հայաստան» դաշինքում ներառվածներն էին՝ քիչ է մնացել պարզելու։ Իսկ նախքան այդ՝ սթափություն ամենեցուն։ Փաստ է, սակայն, որ 2021-ին Քոչարյանի, ՀՅԴ-ի ու Սերժ Սարգսյանի օրոք Սյունիքի մարզպետ աշխատած Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան»-ի միջև կնքված գործարքը հազիվ մեկ տարվա կյանք ունեցավ, դաշինքը փլուզվեց Դիմադրության շարժման խայտառակությունից հետո։
Լավ, թողնենք տխուր թեմաներն ու դառնանք Սերժ
Սարգսյանի հայտարարությանը։ «Ես ցանկություն ունեմ, որ ընդդիմությունը մեկ
միասնական ճակատով հանդես գա, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ դա շատ
բարդ խնդիր է, խոսքը մեկ ցուցակով գնալու մասին չէ»,- կանխատեսել է Սերժ
Սարգսյանը՝ հավելելով՝ «մենք վարվում ենք այնպես, որ թիրախ ընտրենք Նիկոլ
Փաշինյանին»։
Ով ով, բայց Սերժ Սարգսյանը բոլորից լավ է տիրապետում
ընդդիմադիր դաշտի առանձնահատկություններին՝ «դատարկ դհոլներից» մինչև «իդիոտներ»
ու «էռոռ»-ներ, ավելին՝ այդ դաշտի որոշ կարկառունների հետ ժամանակին գործակցել է,
տվել-առել, որոշ դեպքերում՝ նաև «փչացրել», և այսպես շարունակ։ Ո՞վ, եթե ոչ Սերժ
Սարգսյանը գիտի, որ բոլոր ընդդիմադիր քիչ թե շատ հայտնի ուժերը հեռու են փախչելու նախկին
նախագահների շուրջ ձևավորվելիք դաշինքներից՝ այսպիսով փախչելով «նախկինացվելու» տհաճ
կարգավիճակից։ Նույնիսկ Սերժ Սարգսյանի աճեցրած «անճոռնի ճուտիկները», որոնք այսօր
կուսակցություն են գրանցել, որոշել են
ինքնուրույն «լող տալ» «ընդդիմադիր լճի» ջրերում՝ սոցիալական հեռավորություն պահելով
«բադ մայրիկից» և կամ «աքլոր հայրիկից»։ Անդերսենի հեքիաթը հիշեցինք։ Հարկ է նշել,
որ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի ձևավորած «Ուժեղ Հայաստան»-ն անգամ,
որի ղեկավարության հետ Սերժ Սարգսյանը ջան-ջիգյար հարաբերությունների մեջ է, որոշել
է ինքնուրույն խաղալ իր ընդդիմադիր խաղը՝ բացառելով միավորումը նախկինների, նրանց
թիմերի հետ։ Արդ, այս պահի դրությամբ ընդդիմադիր դաշտում առկա քիչ թե շատ հայտնի այս
ուժերի միջև կարող է տեղի ունենալ ենթադրյալ միավորումը՝ Քոչարյան+ՀՅԴ+Քոչարյանի
երբեմնի թիմակից Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան»+Լևոն Քոչարյանի ընկերների
հիմնած «Առաջ Աջակենտրոն»․․․ Ա տամ դալշե բուդետ վիդնո։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ին, որն, ի դեպ, դեռ չի
հստակեցրել՝ մասնակցելու է ընտրություններին, թե ոչ, ապա գրեթե բացառում ենք, որ համաձայնի
ինքզինքը երկիրը այս վիճակից դուրս բերելու ունակ «միակ մարդ» հռչակած Ռոբերտ
Քոչարյանի «տակ» ընդդիմություն աշխատել։ Երկրորդ և երրորդ նախագահների միավորումն,
այսպիսով, գրեթե անհնարին է։
Մնաց նախկին նախագահներից առաջինը՝ Լևոն
Տեր-Պետրոսյանը, իր գլխավորած ՀԱԿ-ով. 2021-ի ընտրություններում ձախողումից հետո, ինչպես
դեպքերի ընթացքն է ցույց տալիս, Տեր-Պետրոսյանն իր հյուծված թիմով պատրաստ է անգամ
սատանայի հետ դաշինք կազմել՝ միայն թե մեկ մանդատ կորզի կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի համար։ Բայց խիստ կասկածում ենք, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ
Քոչարյանը՝ առանձին առանձին վերցրած, համաձայնեն սեղմել իրենց թաթար-մոնղոլական
խաների հետ համեմատած առաջին նախագահի ձեռքը, որքան էլ ուժգին լինի նրա
«հոգեզավակին» իշխանազրկելու մարմաջը։
Ամփոփենք. Նիկոլ Փաշինյանին թիրախ դարձրած՝
ընդդիմադիր դաշտին գցված անգամ հպանցիկ հայացքը հուշում է՝ նախընտրական միավորումը՝
միասնական ճակատով խփելու թիրախին, բացառվում
է։ Դե․․․ նախընտրական գործարքներում հմտացած Սերժ Սարգսյանը եթե մի բան կանխատեսում է, ուրեմն հաստատ
մի քանի բան գիտի։
Հ. Մանուկյան