Հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ և արժանանալ այս պատվին. Փաշինյանը՝ Աբու Դաբիում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Իլհամ Ալիևը միասին մասնակցում են Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակաբաշխությանը, որին արժանացել է նաև հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում «անհավատալի» անվանեց այն, ինչ տեղի է ունենում. «Սա Հայաստանի և Ադրբեջանի կողմից հաստատումն է, որ կոնֆլիկտի էջը շրջվել է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ երկու կողմերի համար գալ և ընդունել մրցանակը»:


Փաշինյանի խոսքով՝ վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին, և նույնիսկ եթե այս բառերը միասին օգտագործվեին, դա կնշանակեր ինչ-որ անհավանական բան: Ահա թե ինչու այն, ինչ տեղի է ունեցել 2025 թվականին և տեղի է ունենում հիմա, անհավանական է։


«Սակայն այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այն նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ և արժանանալ այս պատվին:


Սա նաև միջազգային հանրության աջակցության դրսևորում է, որովհետև որոշումը կայացվել է Դատավորների կոմիտեի կողմից, որի կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր ծայրերից բարձր հարգանքի արժանացած անդամներ»,- ասաց նա:


Փաշինյանը նաև նկատեց՝ չնայած մրցանակը տրվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, բայց այն երկու ժողովուրդներինն է:


«Անհավատալի բաները տեղի են ունենում, երբ կան հավատ, նվիրվածություն, տեսլական և իմաստություն: Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա, հակառակ դեպքում այն երբեք չի դադարեցվի՝ բերելով նորանոր տառապանքներ երկու երկրներին և ժողովուրդներին»,- ասաց նա: