Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Արտյոմ Կարապետյանը, ի պատասխան ակտիվիստ Արթուր Չախոյանի անհիմն հայտարարությունների, տեղեկացնում է․
«Մտացածին են կուռուպցիայի մեջ ներքաշված լինելու, համայնքային գույք հափշտակելու, քաղաքին 500-700 հազար դոլարի վնաս հասցնելու՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ուղղված մեղադրանքները։
Իրականությանը չի համապատասխանում նաև կառուցապատողի հետ քաղաքապետի մտերիմ լինելու մասին ակտիվիստի հայտարարությունը, ավելին՝ քաղաքապետը կառուցապատողին չի էլ ճանաչում: Այս ֆոնին զավեշտալի է նաև քրեական գործով անցնող Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ զուգահեռներ անցկացնելը: Ակնհայտ է, որ համեմատության որևէ աղերս չի կարող լինել՝ հաշվի առնելով, որ տևական ժամանակ շրջանառվող այս թեման չունի ապացուցողական հիմք:
Քաղաքապետարանը մինչև այս արդեն պարզաբանել էր, որ Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան 2/5 հասցեում դեռևս 2017թ. տրված շինարարության թույլտվության ժամկետը 2020թ. մարտի 24-ին երկարաձգվել է և շինարարական աշխատանքների ժամկետ էր սահմանվել մինչև 2022 թվականի մայիսի 24-ը, սակայն այդ ընթացքում շինաշխատանքներ չեն սկսվել: 2024թ օգոստոսին կառուցապատողը նախաձեռնել է առանց թույլտվության շինաշխատանքներ, ինչի հիմքով Երևանի քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցը կազմել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով արձանագրություն և իրավախախտում արած անձին ենթարկել 1.500.000 մլն դրամ վարչական պատասխանատվության:
Նրան ուղարկվել է նաև շինաշխատանքները շարունակելու փաստով հարուցված վարչական վարույթի շրջանակում 6 ծանուցում` վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, սակայն պատշաճ չծանուցվելու պատճառով իրավախախտում կատարած անձը կրկին չի ենթարկվել վարչական պատասխանատվության: Բացի այդ, վարչական իրավախախտումների արձանագրություններ են կազմվել նաև 2025թ. նոյեմբերի 24-ին և դեկտեմբերի 25-ին»: