«Ձևավոր կռուտիտներ»՝ ներողության փոխարեն

Raffaello․․․ հազարավոր բառերի փոխարեն՝ ասվում է հայտնի քաղցրավենիքի գովազդում։ Գովազդի իմաստն այն է, որ սիրահարված տղամարդը կնոջ հետ սիրաբանելիս ծեծված, ստանդարտ խոսքեր շռայլելու փոխարեն կարող է կարճ կապել՝ նվիրել հիշյալ  քաղցրավենիքը։


Ամեն սիրահար, անխոս, սիրաբանելու իր նախընտրած ձևն ունի։ Բայց, ինչպես պարզվեց, քաղաքական հայտ ներկայացրած ռուսաստանցի գործարարի որդին, եղբորորդին ու նրանց թիմի որոշ անդամներ չափազանց անտակտ են իրենց էլեկտորատի, մասնավորապես, իգական սեռի ներկայացուցիչների հետ «սիրաբանելիս»։  Խոսքը, բնավ, քաղցրավենիք նվիրելու մասին չէ։ Որդի Կարապետյանը, հիշեցնենք, օրերս համացանցի ու միջազգային մամուլի աստղ էր դարձել իր սկանդալային հայտարարությամբ՝  «ուժեղ Հայաստանում չեն լինելու անբավարարված կանայք»։ Ակնկալվում էր, որ Հայաստանի կանանց թիրախավորած այս ոչ քաղցր, սաստիկ դառը, ավելի ճիշտ՝ ծայրահեղ ցինիկ հայտարարությունից հետո որդի Սարգիսը մեղա կգա կարճ կապելով՝ «Ներողություն տխմարության համար»։  Բայց ոչ, նա որոշեց  հազարավոր դատարկ խոսքերի ժանրը՝ ներողության փոխարեն։


Նախօրեին էլ անհոդաբաշխ մտքերի շարան արտաբերելու հերթը Նարեկ Կարապետյանինն էր, որը, նկատենք, հորեղբորորդու փաստաբանի դերը չափազանց ապաշնորհ իրականացրեց։ «Շատ կարևոր է, բոլորիս համար սա քննություն է, որպեսզի մենք հասկանանք, ինչպես ենք մենք մեր վրիպումներին պատասխանում։ Ես կարծում եմ՝ ոչ թե որպես քաղաքական պրոցեսներին մասնակից անձ, այլ որպես մեր հասարակության մասնակից, ես կարծում եմ, որ կոնտեքստից անգամ կտրված այդ արտահայտությունը մենք պետք է թույլ չտայինք լիներ, քանի որ դա կարող էր ինտերպրետացնել որպես վիրավորանք մեր հայրենակիցների հասցեին, որը մենք չենք կարող մեզ թույլ տալ ոչ մի դեպքում, որպես հասարակական, Հայաստանի հասարակական անձ, անձնավորություն, ոչ մի քաղաքական, չեմ ուզում քաղաքական աստառ տալ էս ամեն ինչին, այդ իսկ պատճառով մենք պետք է ուշադիր լինենք նաև այս ուղղությամբ և թույլ չտանք, որ անգամ մանիպուլյացիաներով հնարավոր լինի մեր խոսքից կտրել և ներկայացնել որպես վիրավորանք։ Դա շատ ցավալի բան էր, բայց կուզեի ավելացնել, որ մեր վրիպումները չեն ազդում մարդկանց կյանքի վրա, մեր վրիպումները չեն բերել մահեր մարդկանց, աղքատություն մարդկանց․․․»։ Նկատեցի՞ք, որ «ցավալի բանն» այսքան երկար-բարակ ու մանիպուլյատիվ համեմատությամբ նկարագրած Նարեկ Կարապետյանը նույնպես  այդպես էլ չարտաբերեց այդքան ցանկալի «Ռաֆֆաելլո, ներեցեք՝  «ներողություն» բառը։


Ունիկալ էր նաև մեկ այլ «ձևովականի»՝ Ալեքսան Ալեքսանյանի անդրադարձը  Սարգիս Կարապետյանի մտքի փայլատակումին։ Երրորդելով իր քաղաքական պատրոններին՝ նա արդարացրեց «պատրոնորդուն», որը, պարզվեց, քանի որ ոչ մի իրավական կարգավիճակ չունի՝ պաշտոն չի զբաղեցնում, շարքային քաղաքացի է, հայ տղա, հետևապես փոդքասթի տաղավարում, ազատ շփման ոճում փոդքաստի մյուս մասնակիցների հետ, ուշադրություն, ազատ էր կատակելու, «բոցվելու»  անբավարարված կանանց  «բավարարելու» թեմայով։ Է, հետո՞ ինչ։ Այս մարդիկ, փաստորեն, մոռանում են, որ, գրողը տանի, Սարգիս Կարապետյանը որդին է մի գործչի, որը քաղաքական հայտ է ներկայացրել ու հավակնում է կառավարել Հայաստանի կանանց ու տղամարդկանց։ Եթե, իհարկե, ֆորտունան ժպտա նրան։  Տպավորություն է, թե ձևիստները  իրենց իմացած բոլոր ձևերով պատրաստ են «կռուտիտ լինել» (ներողություն գողալեզու տերմինի համար), անգամ հերքել, որ Սարգիս Կարապետյանը Սամվել Կարապետյանի որդին է, միայն թե… նրա ցինիկ արտահայտության համար ներողություն չխնդրեն։


Ի դեպ, Նարեկ Կարապետյանը, որքան տեղյակ եք, մեկումեջ տաքսի է վարում ու  «կլիենտների» ուղեղների նախընտրական լվացմամբ զբաղվում։ Մենք նրա վարած տաքսուց օգտվելու առիթ չենք ունեցել, բայց հաճախ օգտվում ենք այլ տաքսիներից։ Եվ ուրեմն, ՀՀ-ի ամենաքաղաքականացված ու իրազեկ այդ մարդկանց՝ շարքային տաքսիստների շրջանում մեր իրականացրած մոնիտորինգը վկայեց, որ տաքսիներից օգտվող  կանայք Սարգիս Սամվելիչի սկանդալային հայտարարությունից հետո, մեղմ ասած, արգահատանքով են խոսում  «ձևիստների» մասին։  Արդ, կոնստրուկտիվ առաջարկ անենք  Նարեկ Կարապետյանին՝ տաքսի վարելու ընթացքում ձև գտնել ու հազարավոր դատարկ խոսքեր արտաբերելու փոխարեն ներողություն խնդրել քաղաքացիներից։ Կին թե տղամարդ։ «Ռաֆֆաելլո» հյուրասիրելն էր չէր խանգարի, եթե, իհարկե, այն նախընտրական կաշառքի նպատակով չէ։      

 

Հ Մանուկյան