Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը ընդունել է որոշում, որով սահմանվում են անկանխիկ գործառնությունների, մասնավորապես՝ ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով իրականացվող քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարների առավելագույն սահմանաչափերը՝ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար։ Այդ մասին հայտնում են ԿԲ-ից:
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ընդունումից հետո ֆինանսական համակարգում անկանխիկ վճարումների ծավալների էական աճին զուգահեռ և շուկայում աճող մրցակցության պայմաններում քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարները ժամանակի ընթացքում նվազել են տնտեսվարող սուբյեկտների որոշ խմբերի համար: Սակայն, ինչպես ցույց են տալիս վերլուծությունները, տնտեսվարող սուբյեկտների առանձին խմբերի, մասնավորապես՝ փոքր իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների դեպքում, անկանխիկ վճարումների աճը չի հանգեցրել միջնորդավճարների նշանակալի նվազման: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել, քաղաքականության միջամտությամբ առավել նպաստավոր պայմաններ ստեղծել հատկապես փոքր տնտեսվարող սուբյեկտների սպասարկումն իրականացնելու նպատակով:
Այսպիսով, մինչև 150 միլիոն ՀՀ դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող և սահմանված վաճառակետի տեսակի կոդերին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել են ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարների առավելագույն շեմեր․
Փոքր տնտեսվարող սուբյեկտների համար ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով իրականացվող գործարքների համար բանկերի միջև վճարվող միջբանկային սակագների առավելագույն չափը սահմանվել է 0,2%։
Սահմանված առավելագույն միջնորդավճարները կիրառվելու են յուրաքանչյուր տարվա մարտի 1-ից մինչև հաջորդ տարվա փետրվարի վերջը: Այս ընթացքում նոր ստեղծված և չափանիշներին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտների համար կիրառվելու են վերոնշյալ սակագները:
Կենտրոնական բանկը կարևորում է փոքր և մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար վճարային ենթակառուցվածքների մատչելիությունը և շարունակում է քայլեր ձեռնարկել՝ ապահովելու մրցունակ, թափանցիկ և ներառական վճարային միջավայր Հայաստանում։
Որոշմանն ու դրա մանրամասներին ծանոթացեք հղումով: