Հունգարիան կոչ է արել ԵՄ-ին վերացնել ՌԴ-ից գազի և նավթի ներմուծման արգելքը

Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտության պայմաններում, որը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի, Եվրոպական միությունը (ԵՄ) պետք է չեղարկի ռուսական նավթի և գազի ներկրման էմբարգոն։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։


«ԵՄ-ն պետք է անհապաղ չեղարկի ռուսական նավթի և գազի ներկրման արգելքը։ Մերձավոր Արևելքում պատերազմի էսկալացիայի և Հորմուզի նեղուցի փակման պայմաններում վտանգված է համաշխարհային էներգամատակարարման զգալի մասը։ Եվրոպան հատկապես խոցելի է, քանի որ ԵՄ-ն արդեն իսկ արգելել է ռուսական էներգակիրների ներկրումը։ Այժմ Մերձավոր Արևելքի հակամարտությունը նույնպես կրճատում է համաշխարհային մատակարարումները», — նշել է նախարարը։


Սիյարտոն ընդգծել է, որ նման պայմաններում Եվրոպան կանգնած է էներգակիրների գների աննախադեպ թանկացման վտանգի առաջ: Ըստ նրա՝ եթե Բրյուսելը պահպանի պատժամիջոցները, դա լուրջ հարված կհասցնի եվրոպական տնտեսությանը։


«Հիմնական ուշադրությունը պետք է դարձնել եվրոպացիների շահերի պաշտպանությանը, այլ ոչ թե գաղափարախոսությանը», — հավելել է նա։